Ինդիրա Գանդի, Լեոնիդ Բրեժնև, Բելգիայի Ֆիլիպ թագավոր. Մատենադարան այցելած առաջին դեմքերը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարան այցելությունները տարեցտարի ավելանում են: Եթե 2017 թվականին Մատենադարան այցելությունների թիվը եղել է 108 հազար, ապա 2018-ին՝ կազմել է 112 հազար: «Արմենպրես»-ի հետ զրույցում Մատենադարան ինստիտուտի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը նշեց, որ այցելությունների աշխարհագրությունը նույնպես մեծանում է:

«Արցախի մեր մասնաճյուղում էլ 15 հազարից ավելի այցելու է եղել 2018 թվականի ընթացքում: Այցելությունների առումով արդյունքներից գոհ ենք: Ավելացել են Չինաստանից, Կորեայից, Ֆիլիպիններից այցելությունները: Նախկինում այս երկրներից այցելողներ չկային կամ շատ քիչ էին: Ակտիվ են գերմանացիները, իտալացիները, այցելուների թվում մեծ տեղ է զբաղեցնում Ռուսաստանը: Գալիս են և՛ խմբերով, և՛ անհատապես: Բավական մեծ թվով այցելություններ եղան Ֆրանկոֆոնիայի օրերին: Մենք նախաձեռնել էինք «Հայաստան-Ֆրանսիա դարավոր կապեր» ցուցադրությունը, դրան նվիրված գրքույկ, ինչպես նաև մանրանկարչությանը նվիրված պատկերագիրք հրատարակվեց»,-ասաց Վահան Տեր Ղևոնդյանը:

Մատենադարանում զբոսավարները աշխատում են 7 լեզվով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն: Անհրաժեշտության դեպքում, ներգրավվում են նաև այն գիտաշխատողները, ովքեր տիրապետում են պարսկերենին, արաբերենին, հունգարերենին, լեհերենին:

Մատենադարան այցելուների թվում հատուկ տեղ են զբաղեցնում տարբեր երկրների պատվիրակությունները, առաջին դեմքերը: 2018 թվականն այդ առումով ակտիվ էր: Մատենադարանի ցուցասրահների վարիչ Աիդա Չարխչյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ այցելուների թվում են եղել Թայլանդի թագավորության արքայադուստր Մահա Չակրի Սիրինդհորնը, Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան, Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն, Բելգիայի թագավորը Ֆիլիպն իր ընտանիքի հետ և այլք:

«Անսպասելի էր Բելգիայի թագավորի և նրա ընտանիքի այցելությունը: Սովորաբար պատվիրակությունների այցի դեպքում մեզ նախապես զգուշացնում են, մենք պատրաստվում ենք, սակայն իրենց դեպքում այդպես չեղավ, հանկարծակի եկան: Քանի որ այցը մասնավոր էր, ոչ պաշտոնական, հետևաբար մենք այցից մի քանի րոպե առաջ իմացանք: Ասեմ, որ նրանք շատ տպավորված էին»,-ասաց Աիդա Չարխչյանը:

2018 թվականին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում (հոկտեմբերի 11-12) Մատենադարան այցելել են նաև ֆրանսախոս երկրների նախագահների կանայք, եղել են պատվիրակություններ «Եվրասիական շաբաթ»-ի շրջանակում: Աիդա Չարխչյանը նշեց, որ տարեկան միջինը 10 պատվիրակություններ, առաջին դեմքեր են այցելում:

«Պաշտոնական այցերի դեպքում նախապես պատրաստվում ենք, հստակեցնում ենք զբոսավարի լեզուն, ժամանակը, թե որքան են մնալու: Ինչ վերաբերում է ցուցադրությանը, ապա այդտեղ փոփոխություններ չենք կատարում: Բովանդակային առումով ներկայացվում է այն, ինչ այդ պահին ցուցասրահներում ցուցադրված է»,-ասաց նա: Մատենադարանն ունի մատյան, որտեղ այցելուները կիսվում են իրենց տպավորություններով: Աիդա Չարխչյանը, ով մի քանի տասնամյակ աշխատում է Մատենադարանում, նկատեց, որ բոլորը հիացած են հեռանում Մատենադարանից՝ բարձր գնահատելով եղած հարստությունը:

Տարբեր ժամանակներում Մատենադարան այցելել են բազմաթիվ առաջին դեմքեր, որոնց թվում է Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Ինդիրա Գանդին (1976թ. հունիս), ԽՄԿԿ գլխավոր քարտուղարԼեոնիդ Բրեժնևը (1970թ. ), Նորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազն Չարլզը (2013թ.) և այլք:

Աննա Գզիրյան

Հայերեն العربية English Français Русский

Մենք գործեցինք որպես թիմ. Մանուել Տուլիպա

Կայացել է Բուրգաս-Երևան առաջին սեզոնային ուղիղ չարտերային չվերթը

Մունդիալ-2026. Արգենտինան դրամատիկ խաղում հաղթեց Եգիպտոսին

Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան

«Արարատ-Արմենիա»-ն ՉԼ որակավորման առաջին խաղում հաղթեց «Ռիգա»-ին

ԱՄՆ-ն, Ճապոնիան և Կորեայի Հանրապետությունը ստորագրել են եռակողմ հուշագիր՝ այլ երկրներում փոքր մոդուլային ռեակտորների տեղակայման վերաբերյալ

Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ

Հայաստանի պետական ֆիլհարմոնիան ներկայացնում է «Փառերգել Փարաջանովին» երաժշտական նախագիծը

Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական վարույթի շրջանակներում ևս մեկ անձ կալանավորվել է, մեկն էլ՝ ձերբակալվել