Արցախ

Արցախի առևտրային բանկերն ու վարկային կազմակերպությունները հաճախորդներին ներել են ավելի քան 210 մլն 813 հազար դրամ

2 րոպեի ընթերցում

Արցախի առևտրային բանկերն ու վարկային կազմակերպությունները հաճախորդներին ներել են ավելի քան 210 մլն 813 հազար դրամ

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում գործող առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից Արցախի ռեզիդենտ հաճախորդ 272 ֆիզիկական և 13 իրավաբանական անձանց 2018 թվականին ներվել է ավելի քան 210 մլն 813 հազ. դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

«Անցած տարվա ընթացքում հայտարարվել էր առևտրային բանկերի կողմից սկսված մի գործընթացի մասին, որի համաձայն՝ բանկի կողմից սահմանված որոշակի պայմանների կատարման դեպքում, կզիջվեն ֆիզիկական և առանձին բանկերի պարագայում նաև իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդների անհուսալի վարկերի տույժերն ու տուգանքները: Ամփոփելով 2018թ.-ին այս ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները՝ հայտնում եմ, որ Արցախում գործող առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից Արցախի ռեզիդենտ հաճախորդ 272 ֆիզիկական և 13 իրավաբանական անձանց 2018 թ.-ին ներվել է ավելի քան 210 մլն 813 հազ. դրամ (համապատասխանաբար՝ մոտ 169 մլն․ և մոտ 42 մլն․ դրամ)»,-նշել է Գրիգորի Մարտիրոսյանը:

Նշվածը որակելով որպես կարևոր գործընթաց, Գրիգորի Մարտիրոսյանն ընդգծել է, որ Արցախի կառավարությունը խստագույնս հարգում է բանկային համակարգի լինելիության և անկախության դերը երկրի ֆինանսատնտեսական զարգացման գործում:

« Շնորհակալ ենք այս սեկտորի մեր գործընկերներին կառավարության առաջարկին ականջալուր լինելու և խոսքի առարկա տույժ-տուգանքների ներման համար։ Միևնույն ժամանակ կոչ ենք անում մեր քաղաքացիներին բանկային և վարկային կազմակերպությունների հետ իրավահարաբերվելիս, այդ թվում՝ վարկային կամ այլ պարտավորություններ ստանձնելիս ցուցաբերել ավելի մեծ շրջահայացություն և սոցիալական ինքնապատասխանատվություն»,-նշել է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում