Հասարակական

ՀՀ առողջապահության նախարարությունը Վրաստանին կտրամադրի 30.000 դոզա կարմրուկի պատվաստանյութ

2 րոպեի ընթերցում

ՀՀ առողջապահության նախարարությունը Վրաստանին կտրամադրի 30.000 դոզա կարմրուկի պատվաստանյութ

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով` Հայաստանը Վրաստանին կտրամադրի 30.000 դոզա կարմրուկի պատվաստանյութ, որպեսզի մեր հարևան երկիրն ավելի արդյունավետ և արագ պայքարի կարմրուկի բռնկումների դեմ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Արսեն Թորոսյանը:

«Երեկ խոսեցի Վրաստանի իմ գործընկեր Դավիթ Սերգեենկոյի հետ Վրաստանում կարմրուկի դեպքերի բռնկումների մասին։ Նա ինձ հայտնեց, որ մինչ օրս արձանագրվել է կարմրուկի 1028 նոր դեպք, ինչը հիմնականում պայմանավորված է նրանով, որ 90-ականներին բազմաթիվ երեխաներ չեն պատվաստվել կարմրուկի դեմ։ Ես տեղեկացա նաև, որ օրական արձանագրվող 50-60 դեպքը իջել է օրական 35-ի՝ շնորհիվ այն հակահամաճարակային միջոցառումների, որ իրականացվում են Վրաստանում, այդ թվում 20-40 տարեկան ազգաբնակչության ինտենսիվ պատվաստումների»,-գրել է նախարարը։

Նա նաև նշել է, որ բարեբախտաբար Հայաստանում վերջին կարմրուկի տեղական դեպքը արձանագրվել է 2007 թվականին՝ շնորհիվ մեր երկրում կարմրուկի դեմ պատվաստումների բարձր ցուցանիշների։ «Վերջին բերովի դեպքը արձանագրվել էր 2018 թվականի դեկտեմբերին ՌԴ-ից ժամանած ուղևորի մոտ և կրկին բարեբախտաբար տարածում չէր ունեցել մեր երկրում։

Կոչ եմ անում բոլորին ստանալ ազգային իմունիզացիայի ծրագրով նախատեսված բոլոր պատվաստումները, իսկ գանգատների դեպքում՝ դիմել բժշկի»,-եզրափակել է Թորոսյանը։

Տարեսկզբից Վրաստանում արձանագրվել Է կարմրուկով հիվանդանալու կլինիկական եղանակով հաստատված 580 դեպք: Ամենից շատ դեպքերը Թբիլիսիում են, ինչպես նաև Սամեգրելոյի (Արեւմտյան Վրաստան) և Կախեթի (Արեւելյան Վրաստան) տարածաշրջաններում: Այս տարի կարմրուկի դեմ պատվաստումը Վրաստանի բոլոր քաղաքացիների համար կատարվում Է անվճար:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում