Տնտեսություն

Հանքարդյունահանող ընկերությունների իրական սեփականատերերի մասին տեղեկատվությունը դառնում է հասանելի

4 րոպեի ընթերցում

Հանքարդյունահանող ընկերությունների իրական սեփականատերերի մասին տեղեկատվությունը դառնում է հասանելի

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանն» (ԱՃԹՆ) անդամակցության շրջանակում հանքարդյունահանող ընկերությունների իրական սեփականատերերի բաց ռեգիստր է ստեղծում: Սակայն տվյալների հայտարարագրման հիմնական պատասխանատուն լինելու է ընկերությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունվարի 30-ին Երևանում «ԱՃԹՆ առաջին ազգային զեկույցի» ներկայացմանը լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱՃԹՆ քարտուղարության ղեկավար Լիլիա Շուշանյանը:

«Հայաստանը ԱՃԹՆ-ին անդամակցելով՝ հանձն է առնում սկսել գործընթացներ և կատարել աշխատանքներ: Այդ կետերից մեկը իրական սեփականատերերի բաց ռեգիստր ստեղծելն է: Եվ այդ ուղղությամբ Հայաստանն արդեն սկսել է իրականացնել աշխատանքներ: Մասնավորապես, մշակվել են օրենսդրական փաթեթներ, որոնք հաստատվեցին կառավարության նիստով: ԱԺ-ում դրանք դեռ չեն ընդունվել, հույս ունենք, որ նորընտիր խորհրդարանը կհաստատի: Դրանից հետո մենք կունենանք իրական սեփականատերերի բացահայտման, հրապարակման համապատասխան օրենսդրություն, որը կիրառելուց հետո արդեն բաց ռեգիստր կստեղծվի»,-ասաց Շուշանյանը:

Նա շեշտեց՝ նախկինում Հայաստանում իրական սեփականատերեր կարող էին համարվել նաև իրավաբանական անձինք: Բայց այն օրենսդրական փաթեթը, որը մշակել են, պարտադիր իրական սեփականատեր է համարում ֆիզիկական անձին: «Փոխկապակցվածությամբ և այլ հայտանիշներով այնքան պետք է բացահայտվեն, մինչև հասնեն վերջնական շահառուին, ֆիզիկական անձին»,-նշեց Շուշանյանը:

Սակայն ըստ մշակված փաթեթի՝ տվյալների հայտարարագրման հիմնական պատասխանատուն լինելու է հենց արդյունահանող ընկերությունը: Ընդհանուր տրամաբանությունն այնպես է մշակված, որ իրական սեփականատերերի հայտարարագիր ներկայացնողը պետք է պատասխանատվություն կրի տվյալների ճշտության համար:

Շուշանյանը նշեց, որ շեշտը դրվելու է հանրային վերահսկողության վրա: «Մենք ոլորտի համար ներմուծել ենք նոր արդյունավետ սանկցիա: Դա թույլտվությունների կասեցումն է: Մինչ այդ եղել է կամ զգուշացում, կամ թույլտվությունների դադարեցում: Հիմա ներմուծելով այս կասեցման սանկցիան՝ մենք կկարողանանք ավելի պրակտիկ կիրառել տվյալ սանկցիաները, որոնք ավելի զգալի կլինեն հանքարդյունահանողների համար։ Հանրային վերահսկողության, բաց ռեգիստրի և արդյունավետ սանկցիաների համակցմամբ կփորձենք իրական սեփականատերերի բացահայտման արդյունավետ համակարգ ունենալ»,-ասաց Շուշանյանը:

Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը բնական պաշարների բաց և հաշվետու կառավարումը խթանող համաշխարհային ստանդարտ է: ԱՃԹՆ-ի նպատակն ավելի թափանցիկ և հաշվետվողական պետական ու գործարար համակարգերի ստեղծումն է:

Հայաստանի ԲՇԽ (բազմաշահառու խումբ) առաջին կազմը ստեղծվել է 2016թ., որը բաղկացած է ՀՀ կառավարության, հանքարդյունահանող ընկերությունների և քաղաքացիական հասարակության իրավահավասար ներկայացուցիչներից, որոնց որոշումներն ընդունվում են ընդհանուր համաձայնությամբ՝ կոնսենսուսով: ՀՀ կառավարության կողմից պաշտոնապես ներկայացված ԱՃԹՆ-ի անդամակցության հայտը հաստատվել է 2017-ի մարտի 9-ին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում