Վերլուծություն

Ռուս-թուրքական բանակցությունների սիրիական կողմը

7 րոպեի ընթերցում

 Ռուս-թուրքական բանակցությունների սիրիական կողմը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների 2019թ. առաջին հանդիպումն ավարտվեց բավական հետաքրքիր արդյունքներով (2018թ. Պուտինն ու Էրդողանը 25 հանդիպում են անցկացրել): Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հիմնական շեշտը դրեցին երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններում գրանցված հաջողությունների վրա (2018թ. 10 ամիսների ընթացքում առևտրաշրջանառությունն ավելի շատ է աճել, քան ողջ 2017թ. ընթացքում, իսկ ռուս զբոսաշրջիկների թիվն աճել է 30%-ով)՝ հավանաբար փորձելով խուսափել քաղաքական հարաբերություններում առկա տարաձայնությունների մասին բարձրաձայնելուց:

Ինչպես և ակնկալվում էր, Պուտին-Էրդողան բանակցությունների առանցքային թեման սիրիական հակամարտությունն էր, որը վերջին տարիներին զգալի տեղ է զբաղեցնում երկու երկրների հարաբերություններում:

Աստանայի ձևաչափը շարունակելու է առաջնորդել Սիրիայում հակամարտության քաղաքական կարգավորումը

Ռուսաստանի նախագահն իր խոսքում նշեց, որ Աստանայի ձևաչափը (Ռուսաստան, Թուրքիա, Իրան) շարունակում է մնալ սիրիական հակամարտության կարգավորման ամենաարդյունավետ մեխանիզմը, և այս ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու Ռուսաստանում: Միևնույն ժամանակ, նախատեսվում է առաջիկայում մեծ ուշադրություն հատկացնել Սահմանադրական հանձնաժողովի ստեղծմանը, որը պետք է զբաղվի Սիրիայի ապագա պետական կառուցվածքի առանցքային հարցերով:

Հատկանշական է, որ Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո արդեն իսկ ակնհայտ էր, որ առաջիկայում Աստանայի ձևաչափը հնարավորինս ակտիվացնելու է իր գործունեությունը՝ փորձելով ներկայանալ որպես սիրիական հակամարտության քաղաքական կարգավորման միակ մեխանիզմը, որն, ի տարբերության արևմտյան Ժնևի ձևաչափի, ապացուցել է իր արդյունավետությունը: Միևնույն ժամանակ, Ռուսաստանն, Իրանն ու Թուրքիան ձգտելու են Աստանայի աշխատանքներում ներգրավել նաև ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին՝ ձևաչափին առավելագույն լեգիտիմություն հաղորդելու նպատակով:

Ռուսաստանն ակնկալում է Թուրքիայի ակտիվ ներգրավվածությունն Իդլիբում ահաբեկիչների դեմ պայքարում

Պուտինն ու Էրդողանը, անդրադառնալով Սիրիայի Իդլիբ նահանգում ապառազմականացված գոտի ստեղծելու մասին 2018թ. աշնանը ստորագրված ռուս-թուրքական Հուշագրի իրականացմանը, նշել են, որ հավելյալ քայլեր են անհրաժեշտ Իդլիբում իրավիճակի կայունացման համար: Ռուսաստանի նախագահը հստակ ընդգծել է, որ ակնկալում է Թուրքիայի ակտիվ ներգրավվածությունն ահաբեկիչների դեմ պայքարում: Ավելի վաղ ռուսական կողմը հայտարարել էր, որ Իդլիբում իրավիճակը վատթարանում է, ինչը լուրջ անհանգստություն է առաջացնում: Ի պատասխան, Էրդողանը վստահեցրել է, որ շարունակելու է պայքարն այն «ահաբեկչական խմբավորումների դեմ, որոնք փորձում են խանգարել Ռուսաստանի հետ Թուրքիայի հարաբերություններին»:

Հատկանշական է, որ վերջին շրջանում Իդլիբում հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումները լուրջ մտահոգություններ են առաջացնում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ հակամարտության մյուս դերակատարների շրջանում, քանի որ հղի են հակամարտության նոր սրացման վտանգներով:

Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններում անվտանգության գոտու ստեղծումը շարունակում է խնդրահարույց մնալ

Ռուսաստանը շարունակում է ելնել նրանից, որ «Սիրիայի միասնականությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պետք է խստագույնս պահպանվեն»: Այս համատեքստում խոսելով Սիրիայում քրդական խմբավորումների վերահսկողության տակ գտնվող տարածքներից ամերիկյան զորքերի հնարավոր դուրսբերման մասին՝ Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարայի համար առանցքային նշանակություն ունի առաջացող «իշխանության վակուումը կանխելը»: Այս հարցում, սակայն, պաշտոնական Մոսկվայի մոտեցումն այնքան էլ չի համընկնում Անկարայի ցանկությունների հետ: Մասնավորապես, Պուտինը նշել է, որ «Մոսկվան հանդես է գալիս քրդերի և պաշտոնական Դամասկոսի միջև երկխոսության օգտին», ինչը նշանակում է, որ Մոսկվան ամենևին էլ միանշանակ չի վերաբերվում վերոնշյալ վակուումը թուրքական իշխանությամբ լրացնելու Անկարայի նկրտումներին, մասնավորապես, Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններում անվտանգության գոտի ստեղծելու Թուրքիայի մտադրությանը: Եվ թեև Էրդողանը հայտարարում է, որ այս հարցում «Ռուսաստանի հետ որևէ խնդիր չկա», այնուամենայնիվ, Պուտինը կողմից Թուրքիայի և Սիրիայի միջև 1998թ. կնքված համաձայնագրի հիշատակումը հստակ ուղերձ է պարունակում Թուրքիայի համար. «Այս համաձայնագիրը հենց այն հիմքն է, որը Թուրքիայի կողմից իր անվտանգությունն ապահովելու հետ կապված տալիս է բազմաթիվ հարցերի պատասխանը»:

Հիշեցնենք, որ 1998թ. վերոնշյալ համաձայնագիրը, որը հայտնի է որպես Ադանայի համաձայնագիր, սահմանում է, որ սիրիական կողմը ճանաչում է Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) որպես ահաբեկչական կազմակերպություն և արգելում է նրա ցանկացած գործունեություն իր տարածքում: Հենց այդ ժամանակ Սիրիան արտաքսեց Աբդուլլահ Օջալանին Սիրիայից, ինչն էլ հիմք ստեղծեց 2000-ական թվականներին թուրք-սիրիական համագործակցության համար: Ադանայի համաձայնագրի մասին հայտարարությունը խոսում է այն մասին, որ Ռուսաստանի կարծիքով ժամանակն է, որ Անկարան վերսկսի պաշտոնական Դամասկոսի հետ երկխոսությունը, ինչի հիմքում կարող է ընկած լինել հենց քրդական թեման:

Ամփոփելով՝ պետք է նշել, որ չնայած առկա բազմաթիվ տարաձայնություններին՝ Մոսկվան և Անկարան կարողանում են խուսափել ուղղակի առճակատումից և գտնել երկուստեք ընդունելի լուծումներ: Եվ առաջիկայում երկու երկրների հարաբերությունները սիրիական ուղղությամբ շարունակելու են ընթանալ թերևս հենց այս տրամաբանության ներքո:

Արփինե Հովսեփյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում