Վերլուծություն

Արցախի արտաքին քաղաքականությունը 2018-ին. նոր ուղղություններով համագործակցությունն անհրաժեշտություն է դառնում

10 րոպեի ընթերցում

Արցախի արտաքին քաղաքականությունը 2018-ին. նոր ուղղություններով համագործակցությունն անհրաժեշտություն է դառնում

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող տարվա ընթացքում Արցախը շարունակել է ակտիվ պահել իր արտաքին քաղաքականությունն ավանդական դարձած ուղղություններում: Տարվա ընթացքում տեղի են ունեցել փոխադարձ հանդիպումներ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, առանձին պետությունների պաշտոնյաների հետ, ինչպես նաև համալրվել է Արցախի քույր քաղաքների թիվը: Ստորև ամփոփենք Արցախի արտաքին քաղաքական զարգացումները 2018-ի ընթացքում՝ դրանք պայմանական բաժանելով երեք հիմնական խմբի.

Արցախ այցելած օտարերկրյա պատվիրակություններ;

Արցախի պաշտոնյաների այցեր արտերկիր և արտերկրում կազմակերպված միջոցառումներ;

Համագործակցություն տեղական ձևաչափերում:

ԼՂՀ այցելած օտարերկրյա պատվիրակություններ

2018 թվականի ընթացքում Արցախ են այցելել շուրջ երկու տասնյակ օտարերկրյա պատվիրակություններ: Առավել ակտիվ էր, թերևս, եվրոպական թևը, քանի որ այցելած պատվիրակությունների կեսից ավելին ներկայացնում էին եվրոպական երկրներ և կազմակերպություններ: Հատկանշական է, որ Արցախի հետ հարաբերություններում միջազգային եվրոպական կազմակերպություններից առավել ակտիվ է եղել հատկապես Եվրախորհրդարանը: Տարվա ընթացքում Արցախ է այցելել Եվրախորհրդարանի չորս պատվիրակություն: Արցախ ժամանած խորհրդարանականները կարևորել են Արցախի հետ խորհրդարանական դիվանագիտության հետևողական զարգացման անհրաժեշտությունը՝ հայտնելով իրենց պատրաստակամությունը շարունակական քայլեր ձեռնարկել եվրոպական տարբեր կառույցներում Արցախի մասին իրական պատկեր ներկայացնելու և Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվություն տարածելու ուղղությամբ։

Միջազգային պատվիրակությունների այցերի շարքում ուշադրության արժանի էր նաև Ֆրանկոֆոն մամուլի միջազգային միության վարչության մի խումբ անդամների այցն Արցախ: Հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանը երկու տարի ղեկավարելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը, ստեղծվել է հնարավորություն՝ քայլեր ձեռնարկելու, որ հնարավորինս ակտիվ կապեր հաստատվեն, օրինակ, կազմակերպությանը կից գործող ԶԼՄ ներկայացուցիչների և Արցախի միջև, որպեսզի վերջիններս տարբեր ձևաչափերում ակտիվ լուսաբանեն և բարձրաձայնեն Արցախի մասին՝ նպաստելով վերջինիս սուբյեկտայնության բարձրացմանը: Այս համատեքստում, օրինակ, կարելի է համագործակցության ձևաչափ ստեղծել Ֆրանկոֆոնիայի TV Monde միջազգային հեռուստաալիքի հետ, որն աշխարհի երեք ամենամեծ հեռուստատեսային ցանցերի շարքում է (մյուս երկուսն են BBC-ն և CNN-ը):

Եվրոպական ուղղությունից զատ, կարևոր էին նաև այլ երկրների, ինչպես օրինակ՝ ԱՄՆ-ի Կալիֆորնիայի պատվիրակության, Կանադայի և Լիբանանի ներկայացուցիչների այցն Արցախ: Օրինակ, հատկանշական էր, որ Կալիֆորնիայի պատվիրակության այցի շրջանակներում կարևորվել է տարբեր ոլորտների ներկայացուցիչների փոխայցելությունների կազմակերպման հնարավորությունները՝ փորձի փոխանակման և Արցախում մասնագետների որակավորման առավել բարձր աստիճան ապահովելու նպատակով։ 2018 թվականին ԱՄՆ-ում տեղի ունեցած Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո, երբ Հայ Դատի հավանությունը ստացած թեկնածուների 90 տոկոսից ավելիին հաջողվել է ստանալ մանդատ, ԱՄՆ օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ, թե′ դաշնային և թե′ տեղական մակարդակում, համագործակցության նոր հնարավորություններ են բացվում Արցախի համար, որոնք հետևողական աշխատանք են պահանջելու:

Քաղաքական համագործակցությունից զատ, այլ ոլորտներում կապերի հաստատման տեսանկյունից, օրինակ, տնտեսական և կրթական, կարևոր էին լիբանանցի խոշոր ձեռնարկատեր Նիկոլյա Աբու Ֆայսալի այցն Արցախ, ինչպես նաև Արցախի ԱԳՆ և Լիբանանի Հայկազյան համալսարանի միջև ստորագրված Համագործակցության մասին հուշագիրը:

Արցախի պաշտոնյաների այցեր արտերկիր և արտերկրում կազմակերպված միջոցառումներ

Տարվա ընթաքում տեղի ունեցավ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի 5 աշխատանքային այց արտերկիր (2 անգամ Ամերիկայի միացյալ նահանգներ, Ռուսաստան, Փարիզ և Լիբանան): Ամերիկայի միացյալ նահանգներում կարևոր էր Արցախի նախագահի հանդիպումը կոնգրեսականների հետ՝ վերջիններիս հետ համագործակցության ընդլայնման և Արցախի շահերը ներկայացնելու տեսանկյունից: Արցախում նոր ներդրումների ներգրավման տեսանկյունից կարևոր էին Լիբանանում Բակո Սահակյանի հանդիպումները գործարար շրջանակների հետ: Արդեն նոյեմբեր ամսին տեղի ունեցավ Արցախի նախագահի աշխատանքային շրջայցը Մինսկի խմբի համանախագահ երեք երկիր, որի ժամանակ Բակո Սահակյանը հնարավորություն ունեցավ հանդիպել տարբեր շրջանակների (պաշտոնյաներ, գործարարներ, Սփյուռք) ներկայացուցիչների հետ՝ ևս մեկ անգամ հստակեցնելու առկա համագործակցության առաջնահերթությունները, ինչպես նաև քննարկելու համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Տարբեր հարցերի շուրջ Արցախի տեսակետներն «առաջին ձեռքից» արտաքին աշխարհին հասցնելու տեսանկյունից, կարևոր էին նաև Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանի այցը Ռուսաստանի Դաշնություն և հանդիպումները դիվանագետների, Պետդումայի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային Խորհրդի պատգամավորների, լրագրողների, փորձագետների, ինչպես նաև Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Արտերկրում Արցախին նվիրված միջոցառումների շարքում կարևոր էին արդեն ավանդական դարձած Արցախի օրերը Ֆրանսիայում, Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառումները Բելգիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Մոսկվայում, ԱՄՆ-ում, Լիբանանում և այլն:

Միջազգային կազմակերպությունների հետ երկխոսության տեսանկյունից կարևոր էին ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում տարածված Արցախի պաշտոնական փաստաթղթերը (վերաբերող սումգայիթյան ջարդերի 30-րդ տարելիցին), ինչպես նաև Արցախի ԱԳՆ հուշագիրը:

Համագործակցություն տեղական ձևաչափերում

2018 թվականի ընթացքում Արցախի քույր քաղաքները և համայնքները համալրվել են վեցով: Մասնավորապես, համագործակցության և բարեկամության հուշագրեր են ստորագրվել Արցախի Շեխեր և Ֆրանսիայի Առնուվիլ համայնքների, Արցախի Շուշի և Ֆրանսիայի Սենտ Էտիեն քաղաքների, Արցախի Բերձոր և Ֆրանսիայի Արֆորվիլ քաղաքների, Արցախի Մարտունի և Ֆրանսիայի Բուր-դե-Պեաժ քաղաքների, Արցախի Կովսական և Լիբանանի Այնճար քաղաքների, ինչպես նաև Արցախի Մարտակերտ և Լիբանանի Բուրջ Համուդ քաղաքների միջև: Ուշադրության արժանի է այն փաստը, որ համալրված քույր քաղաքները չեն սահմանափակվում միայն եվրոպական քաղաքներով և ներառում են նաև լիբանանյան քաղաքներ:

Տեղական մակարդակում տարվա ընթացքում գրանցված համագործակցության կարևոր արդյունքներ էին նաև Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի կողմից Արցախի ազատագրական շարժման 30-ամյակի կապակցությամբ ընդունված բանաձևը, Ավստրալիայի Ռայդ քաղաքի կողմից ընդունված բանաձևը՝ ի սատարումն Արցախի Հանրապետության անկախության, ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի կողմից սումգայիթյան ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ ընդունված բանաձևը և այլն:

Տարբեր երկրների հետ տեղական մակարդակում համագործակցության հետագա հետևողական շարունակումը կարող է ավելի արդյունավետ լինել, եթե սահմանվեն համագործակցության տարբեր ոլորտներ ներառող հստակ օրակարգեր: Օրինակ, նրանց հետ կարելի է ձևավորել տեղեկատվության տրամադրման և փոխանակման, անհրաժեշտ տեղեկատվության հրապարակման համագործակցության այնպիսի մեխանիզմներ, որոնք վերջիններիս հնարավորություն կտան տարբեր ֆորսմաժորային իրավիճակներում (պատերազմական դրություն, տեղեկատվական շրջափակում), դառնալ Արցախում տիրող ներքին իրավիճակի մասին արագ ահազանգողները, Արցախի համար նպաստավոր տեղեկատվություն տարածողները:

Ամփոփելով կարող ենք փաստել, որ տարվա ընթացքում Արցախը շարունակել է ակտիվ պահել իր արտաքին քաղաքականությունն ավանդական դարձած ուղղություններում: Հետագայում, որպեսզի Արցախի արտաքին քաղաքականությունն ավելի ակտիվանա, անհրաժեշտ է, որ վերջինս չսահմանափակվի արդեն ավանդական դարձած արտաքին քաղաքական ուղղություններով, այլ նաև աշխատանքներ իրականացնի այլ տարածաշրջանների հետ համագործակցության նոր խողովակներ ստեղծելու ուղղությամբ, ինչպես նաև դիտարկի համագործակցության նոր ձևաչափերում ընդգրկվելու հնարավորությունները, ինչպես օրինակ, չճանաչված կամ մասամբ ճանաչված պետությունների համար անդամակցության հնարավորություն տվող միջազգային կազմակերպությունները (օրինակ` Չներկայացված ազգերի և ժողովուրդների կազմակերպություն, Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիա, Միջազգային քույր քաղաքներ և այլն):

Լիանա Հովհաննիսյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում