Մարվեց «Արմենպրես»-ի 100-ամյակին նվիրված նամականիշ, Արցախի նախագահի հրամանագրով գործակալությունը պարգևատրվեց Երախտագիտության մեդալով
5 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շրջանառության մեջ դրվեց նոր նամականիշ՝ նվիրված «Արմենպրես» պետական լրատվական գործակալության 100-ամյակին: «Հայաստանի հեռագրական գործակալության՝ «Արմենպրես»-ի հիմնադրման 100-ամյակը» թեմայով նամականիշի մարման արարողությունը տեղի ունեցավ «Արմենպրես» լրատվական գործակալությունում: Այն մարեցին ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:
««Արմենպրես»-ը Հայաստանի գործող ամենահին լրատվամիջոցն է: Արդեն 100 տարի գործակալությունն իր բաժանորդներին, գործընկերներին, հանրությանը մատուցում ենք բազմաբնույթ, օպերատիվ և հավաստի տեղեկատվություն: Խորհրդանշական է, որ նամականիշի վրա պատկերված է «Արմենպրես»-ի հիմնական հերոսը՝ թղթակիցը, լինի լրագրող, ֆոտոթղթակից, նորաստեղծ տեսածառայության ներկայացուցիչ, միջազգային կապերի մասնագետ»,- ներկայացրեց Արամ Անանյանը:
120 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը տպագրված է Ֆրանսիայի «Cartor» տպագրատանը՝ 30 հազար տպաքանակով: Նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր դիզայներ Վահագն Մկրտչյանը, լուսանկարիչը «Արմենպրես» պետական լրատվական գործակալության լուսանկարիչ Գևորգ Պերկուպերկյանն է: Նամականիշի վրա պատկերված է տպագրական մեքենայի վրա աշխատող կնոջ գրաֆիկական ուրվագիծը: Նամականիշը ձևավորված է լույսի և ստվերի համադրությամբ՝ խորհրդանշելով լրատվական ոլորտի մասնագետների կադրից դուրս կատարվող շուրջօրյա աշխատանքը:
«Շնորհավորում եմ «Արմենպրես»-ի 100-ամյակի հետ կապված: Ցանկացած ոլորտ իր տարիքով ու փորձառությամբ մշակութային հենք է ապահովում զարգացման համար: Հատկանշական է, որ այսօր մենք տոնում ենք «Արմենպրես»-ի 100-ամյակը շատ ավելի ազատ ու անկաշկանդ դաշտում: Մաղթում եմ բեղուն գործունեություն»,- ասաց ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը:
Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, շնորհավորելով «Արմենպրես»-ի 100-ամյակի առթիվ, նշեց, որ նամականիշները խորհրդանշում են մեր երկրի մշակույթը, պատմությունը, տարբեր իրադարձություններ:
««Արմենպրես»-ը բոլոր լրատվամիջոցներից առանձնացել է ֆիլատելիայի վերաբերյալ հոդվածներ տարածելու առումով, որի համար շատ շնորհակալ եմ: Ժամանակ առ ժամանակ, նույնիսկ եթե իրադարձություն չկա, զանգահարում են հետաքրքրվում են ոլորտով: Այս առումով, մեր միության անունից շնորհավորում եմ»,- նշեց Հովիկ Մուսայելյանը:
Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով լրատվության բնագավառում Արցախին ցուցաբերված համակողմանի աջակցության համար Հայաստանի Հանրապետության «Արմենպրես» լրատվական գործակալությունը պարգևատրվեց Երախտագիտության մեդալով: Այն գործակալության տնօրեն Արամ Անանյանին փոխանցեց Հայաստանում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Կառլեն Ավետիսյանը:
«Միանում եմ բոլոր շնորհավորանքներին: «Արմենպրես» գործակալությունը մեր երկրորդ և երրորդ հանրապետությունների կենդանի ուղեկիցն է, որը լուսաբանել է ինչպես խորհրդային տարիների, այնպես էլ անկախության ձեռքբերումից հետո Հայաստանում տեղի ունեցած կարևոր իրադարձություները և միշտ փորձել է պահել սկզբունքայնությունը: Ես մեծ հպարտությամբ ուզում եմ նշել, որ մեր հաջողություններում մեծ է դերակատարություն է ունեցել «Արմենպրես»-ը: Արցախյան պատերազմի շրջանում «Արմենպրես»-ն այն գործակալությունն էր, որ ամեն ինչ անում էր ճշմարիտ խոսքը, ժողովրդի պահանջատիրությունը միջազգային հանրությանն հասցնելու առումով: Արցախի Հանրապետության ժողովուրդը, մեր ղեկավարությունը բարձր է գնահատում «Արմենպրես»-ի կատարած աշխատանքը»,- հավելեց նա:
«Արմենպրես»-ը հիմնադրվել է 1918 թվականի դեկտեմբերի 18-ին, երբ Հայաստանի առաջին հանրապետության Ազգային Խորհրդի որոշմամբ ստեղծվեց նախադեպը չունեցող պետական լրատվական` Հայկական հեռագրական գործակալությունը: