Հասարակական

«Արմենպրես»-ի մեկդարյա պատմություն ունեցող ստեղծագործական անցյալը մեր բոլորի հարստությունն է. Զոհրաբ Մնացականյան

3 րոպեի ընթերցում

«Արմենպրես»-ի մեկդարյա պատմություն ունեցող ստեղծագործական անցյալը մեր բոլորի հարստությունն է. Զոհրաբ Մնացականյան

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը շնորհավորական ուղերձ է հղել «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանին՝ գործակալության հիմնադրման 100-րդ տարեդարձի կապակցությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարի ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի պարոն Անանյան, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ և «Արմենպրես» լրատվական գործակալության ողջ անձնակազմին՝ գործունեության կարևոր հանգրվանի՝ մեկդարյա հոբելյանի կապակցությամբ: Այս ողջ ընթացքում «Արմենպրես» գործակալությունն արձանագրել է Հայրենիքի և Սփյուռքի տարեգրությունը՝ այսօր այն հասու դարձնելով ներկա և գալիք սերունդներին:

Այս տարիների ընթացքում Հայաստանի առաջին և միակ պետական լրատվական գործակալությունն ընդունել և կրթել է լրագրողների մի քանի սերունդ՝ հետևողականորեն բարձրացնելով արհեստավարժության նշաձողը, ու այսօր էլ արդի պահանջներին համապատասխան, բարձր է պահում հայրենի լրագրության որակն ու պատիվը՝ իր ուրույն տեղը զբաղեցնելով հայաստանյան, տարածաշրջանային և միջազգային լրատվական դաշտում: Նվիրված աշխատանքի շնորհիվ լրատվական գործակալությունը վաստակել է և վստահությամբ պահում է տեղեկատվության հուսալի և հեղինակավոր աղբյուր լինելու իր համբավը: Պատահական չէ, որ հենց «Արմենպրես»-ն էր մեր պատմության մեջ կայացած ամենախոշոր միջոցառման՝ Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի պաշտոնական լրատվական գործակալությունն ու լուսանկարիչը: Վստահաբար կարող ենք ասել, որ մեր համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ:

Այսօր հպարտությամբ կարող ենք արձանագրել, որ «Արմենպրես»-ի անցած ճանապարհը, արդեն մեկդարյա պատմություն ունեցող ստեղծագործական անցյալը, մեր բոլորի հարստությունն է:

Ձեր մեծ ընտանիքին մաղթում եմ անսպառ եռանդ, մասնագիտական նորանոր ձեռքբերումներ: Վստահ եմ, որ «Արմենպրես»-ի գալիք սերունդները կշարունակեն պահպանել ու բազմապատկել գործակալության լավագույն ավանդույթները՝ պատվով կատարելով հանրությանը մշտապես իրազեկելու պատասխանատու առաքելությունը»:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում