Ինչպես լուծել ընտրություններին մասնակցողների թվի խնդիրը
6 րոպեի ընթերցում
![Ինչպես լուծել ընտրություններին մասնակցողների թվի խնդիրը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/12/958217.jpg)
ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցեց ընտրացուցակներում ընդգրկված 2 մլն 592 հազար 479 քաղաքացիներից 1 միլիոն 260 հազար 840-ը կամ 48.63 տոկոսը: Սա երրորդ հանրապետության պատմության համապետական ընտրություններում արձանագրված ամենացածր ցուցանիշն էր` տոկոսային առումով: Եվ այդ հանգամանքը հիմք տվեց խոսելու ընտրություների նկատմամբ անվստահության մակարդակի մասին: Մինչդեռ թվաբանական վերլուծությունը ցույց է տալիս միանգամայն այլ պատկեր:
Երրորդ հանրապետության պատմության մեջ ընտրողների մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ՀՀ անկախության հանրաքվեի ժամանակ: 1991թ. սեպտեմբերի 21-ի հանրաքվեին մասնակցել էր ընտրողների 95.5 տոկոսը՝ քվեարկելու իրավունք ունեցող 2 մլն 163 հազար 967 ընտրողից 2 մլն 56 հազար 758-ը: Սովորաբար, Հայաստանում մասնակցության բարձր ցուցանիշ արձանագրվել է նախագահական ընտրությունների ժամանակ: Քվեարկությանը մասնակցած քաղաքացիների թիվը նախագահական բոլոր ընտրություններում գերազանցել է 60 տոկոսը: Ամենաբարձր ցուցանիշը 1991թ. նախագահական առաջին ընտրություններում էր, երբ մասնակցեց քվեարկության իրավունք ունեցողների 74 տոկոսը: Իսկ ամենաքիչ մասնակցությունն արձանագրվել է 2013թ. նախագահական ընտրություններում. այն ժամանակ առանցքային քաղաքական ուժերը` ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ չառաջադրեցին թեկնածու ու չսատարեցին որևէ մեկին, և, ըստ էության, պարզ էր` ընտրությունների վերջնարդյունքը: Այդ ժամանակ ընտրություններին մասնակցեց քվեարկելու իրավունք ունեցողների 60.18 տոկոսը: Իսկ ահա խորհրդարանական ընտրությունների ժամանակ մասնակցության ցուցանիշը մշտապես շատ ավելի ցածր է եղել: Սա, թերևս, պայմանավորված է այն հանգամանքով, որ հանրային ընկալման մեջ նախագահական ընտրություններն ավելի են կարևորվել` որպես իշխանության ձևավորման միջոց: Իսկ խորհրդարանական ընտրությունների նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքն այլ է եղել:
Նորանկախ Հայաստանում խորհրդարանական առաջին ընտրություններն անցկացվեցին 1995թ. սահմանադրական հանրաքվեի հետ մեկտեղ: Ընտրություններին մասնակցեց քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 55.6 տոկոսը: 1999 թ. Ազգային ժողովի ընտրություններին մասնակցել է 51.74 տոկոսը, 2003 թ. ընտրություններին`52.70 տոկոսը: 2007թ. ԱԺ ընտրություններին մասնակցեց քվեարկության իրավունք ունեցողների 59.4 տոկոսը: ԱԺ ընտրությունների պատմության ընթացքում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը եղել է 2012թ. 62.34 տոկոս, իսկ արդեն 2017թ. ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին` մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 60.87 տոկոսը:
1999 |
2003 |
2007 |
2012 |
2017 |
2018 |
|
Ընտրացուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը |
2.198.544 |
2.340.744 |
2.317.810 |
2.522.906 |
2.588.468 |
2.592.479 |
Քվեարկությանը մասնակցած քաղաքացիների թիվը |
1.137.660 |
1.233.757 |
1.375.733 |
1.572.858 |
1.575.786 |
1.260.840 |
Քվեարկությանը մասնակցած քաղաքացիների թիվը տոկոսային հարաբերակցությամբ |
51.74 % |
52.70% |
59.4% |
62.34% |
60.87% |
48.63% |
ՀՀ մշտական բնակչության թիվը` հունվարի 1-ի դրությամբ |
3.232.100 |
3.210.300 |
3.222.900 |
3.021.400 |
2.986 500 |
2.972.900 |
Արձանագրենք. վերջին տարիներին Հայաստանում աճել է ընտրացուցակներում ընդգրկված անձանց թիվը, և սա`բնակչության թվի նվազմանը զուգահեռը: Այսինքն` երկրի իրական բնակչությունն ավելի քիչ է, քան ընտրացուցակներում առկա քաղաքացիների թիվը: Ու եթե հաշվի առնենք այսօր երկրում բնակչության թիվը (նաև այն, որ ԱԺ արտահերթ ընտրություններում չեն կիրառվել նախկինից հայտնի մեթոդները` ընտրակաշառք, վերահսկողություն և մարդկանց կազմակերպված քվեարկության տանել), ապա կարելի է պնդել` ընտրություններին այնուամենայնիվ, բավական շատ մարդ է մասնակցել` հիմնական քաղաքականացված զանգվածը, որը ՀՀ-ում բնակվող քաղաքացիների զգալի մեծամասնությունն է: Պարզապես, դժվար է ճշգրիտ համեմատականներ անցկացնել ու հստակ թիվ մատնանշել՝ հաշվի առնելով փաստը, որ չկա հստակ վիճակագրություն:
Խնդիրն, իհարկե, ունի լուծում. ՀՀ օրենսդրությամբ սահմանել համապատասխան կարգավորումներ: Մասնավորապես՝ համաձայն օրենքի պահանջի՝ անհրաժեշտ է մաքրել ընտրական ռեգիստրը Հայաստանից մշտապես և առավելապես բացակայող քաղաքացիներից: Ըստ այդմ՝ ՀՀ-ից մեկ տարուց ավելի բացակայող քաղաքացիների անուններն ընդգրկել առանձին ցուցակում` պահպանելով նրանց քվեարկելու իրավունքը: Նախորդ խորհրդարանում ներկայացված ուժերն ԸՕ-ում փոփոխությունների ժամանակ մշտապես ներկայացրել են նման առաջարկ, սակայն նախկին իշխանությունները մերժել են դրանք: Հիմա ժամանակն է ԸՕ-ում փոփոխություններ անելու և ընտրողների ցուցակները ճշգրտելու, մաքրելու համար:
Արման Գալոյան