Հետընտրական «նեղացվածությունը»՝ որպես քաղաքական դիրքորոշում
4 րոպեի ընթերցում
![Հետընտրական «նեղացվածությունը»՝ որպես քաղաքական դիրքորոշում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/12/957892.jpg)
Ըստ էության, կուսակցությունը «պարտություն» է բնորոշում հեղափոխությունը և հեղափոխության արդյունքում ձևավորված խորհրդարանը և մասնավորապես՝ առնվազն վերջին քսանամյակի առաջին ազատ, արդար և ժողովրդավար ընտրությունները՝ հանձին ՀՀ քաղաքացիների ազատ կամարտահայտության։ ՀՅԴ-ն շնորհակալություն է հայտնում միայն իր ընտրողին. այն ընտրողին՝ որը, ըստ իրենց, փոքրամասնություն է, սակայն միակ «գիտակիցն է» և «ոչ պատահականը»։ Իսկ ի՞նչ կարելի է հասկանալ այս հայտարարության ենթատեքստից։ Այն թողնում է յուրատեսակ «նեղացվածության» հռչակագրի տպավորություն, երբ ՀՀ քաղաքացիները, որոնք իրենց քվեն չեն տվել ՀՅԴ-ին, պիտակավորվում են որպես «անգիտակից» և «պատահական» մարդիկ։ Դաշնակցության տեքստում մի բառ անգամ չկա Հայաստանի Հանրապետության մասին, նրա ապագայի, ծրագրերի, քաղաքացիների հույսերի և սպասումների մասին։ Դաշնակցությունը փաստացի միայն խոսում է իր ընտրողի հետ՝ շեշտադրելով իր «ամենազգային» և «ամենապատասխանատու» լինելը, սակայն միաժամանակ հրաժարվում է պատասխանատվությունից պետության ու հասարակության նկատմամբ, քանի որ քաղաքացիաների գերակշիռ մասին անվանելով «անգիտակից»՝ որպես այդպիսին ճանաչում է միայն իրեն քվե տված քաղաքացիներին։
Այստեղ առնվազն հարց է առաջանում, թե որքանով է էթիկապես ընդունելի, երբ կուսակցությունն իրեն հայտարարում է «ամենաազգային», «ամենապատասխանատու», բայց շնորհակալություն է հայտնում ոչ թե բոլորին՝ իրենց ազատ ընտության ու քաղաքացիական պարտքը իրացնելու համար, այլ միայն սեփական ընտրողներին։ Խնդիրը կարող է վերաբերել բոլոր կուսակցություններին՝ լինեն ընդդիմություն, թե իշխանություն, քանի որ քաղաքական ուժերը՝ լինեն խորհրդարանական, թե արտախորհրդարանական, պատասխանատու են պետության և ըստ այդմ՝ բոլոր քաղաքացիների առաջ։
Ի մի բերելով՝ կարելի է փաստել, որ որևէ քաղաքական ուժի այդպիսի հայտարարությունը յուրատեսակ փորձ է սեփական ընտրական տապալման պատճառները ոչ թե կուսակցության գործունեության, այլ բոլորովին ուրիշ դաշտում տեսնելու։ Հետևաբար՝ մնում է պատճառներն ու խնդիրները փնտրել ոչ թե կուսակցության անցած ուղու, պատմության ու քաղաքական դիրքորոշման, այլ քաղաքացիների անգիտակցության ու կարճատեսության մեջ։ Քաղաքական առումով կուսակցությունն իրեն հրաժարվում է ճանաչել որպես քաղաքական սուբյեկտ, քանի որ խնդիրները և պատճառներն իրենից անկախ են, իսկ ինքը փաստացի միայն մտահոգություն է հայտնում և շնորհակալություն հայտնում իր գիտակից և ոչ պատահական ընտրողներին։
Գոռ Մադոյան