ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմ քայլը» դաշինքի ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Արարատ Միրզոյանի համոզմամբ, դատելով տարբեր շտաբներից ստացված արձագանքներից, մամուլում եղած տեղեկատվությունից, կայացել են ազատ, արդար, ժողովրդավարական, թափանցիկ խորհրդարանական ընտրություններ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին Միրզոյանը նշեց «Իմ քայլը» դաշինքի շտաբում լրագրողների հետ զրույցում:
Նրա խոսքով` նախորդ ընտրությունների համեմատ կար երկու էական տարբերություն` չեն եղել ընտրողների կամարտահայտման վրա ապօրինի ճնշումներ և ընտրությունների վրա ազդեցություն ներգործելու համակարգված փորձեր: «Ինչ խոսք, մամուլում հայտնվել է հատվածական, դիպվածային 1-2 տեղեկատվություն՝ հիմնականում ընտրատեղամասերի շուրջ կուտակումների վերաբերյալ, և իրավապահ համակարգի օգնության շնորհիվ այս հարցերը օպերատիվ լուծվել են: Սա, կարծում եմ, երկրորդ կարևոր առանձնահատկությունն է, որ իրավապահ համակարգը ամբողջությամբ ծառայում էր նրան, ինչին կոչված էր ընտրությունների օրը»,- ասաց նա: