Գեղարդի վանքին տրամադրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուժեղացված պաշտպանության կարգավիճակ
3 րոպեի ընթերցում

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀԱԳՆ տեղեկատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, այսպիսով «Գեղարդի վանք և Ազատ գետի վերի հովիտ» վայրը դարձել է Հայաստանի առաջին մշակութային արժեքը, որին ուժեղացված պաշտպանության կարգավիճակ է տրամադրվել։
«Գեղարդի վանք և Ազատ գետի վերի հովիտ» վայրը 2000 թվականից ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում՝ հանդիսանալով մարդկության համար առավել մեծ արժեք ներկայացնող հուշարձան: «Ուժեղացված պաշտպանությունը» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954թ. կոնվենցիային կից 1999թ. երկրորդ արձանագրությամբ մշակված մեխանիզմ է` զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների հատուկ պաշտպանություն սահմանելու համար: Այն նպատակ է հետապնդում ապահովել մարդկության համար առավել մեծ արժեք ներկայացնող հատուկ հուշարձանների լիարժեք և արդյունավետ պաշտպանությունը` միջազգային կամ ոչ միջազգային զինված հակամարտությունների ժամանակ: Մեխանիզմը պահանջում է հակամարտող կողմերին ձեռնպահ մնալ նման հուշարձանի վրա հարձակումից, ինչպես նաև այն կամ դրա անմիջական շրջապատը ռազմական նպատակներով ցանկացած օգտագործումից: Արձանագրությունը նաև սահմանում է քրեական պատիժներ` ֆիզիկական անձանց կողմից մշակութային արժեքի նկատմամբ ուժեղացված պաշտպանությունը խախտելու պարագայում: Ուժեղացված պաշտպանության կարգավիճակ ունեցող ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ցանկում այժմ ընդգրկված է մարդկության համար բացառիկ արժեք հանդիսացող 17 մշակութային արժեք։