Վերլուծություն

ԱԺ արտահերթ ընտրություններ. ի՞նչն են կարևորում քաղաքական ուժերը սփյուռքի հետ հարաբերություններում

9 րոպեի ընթերցում

ԱԺ արտահերթ ընտրություններ. ի՞նչն են կարևորում քաղաքական ուժերը սփյուռքի հետ հարաբերություններում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Դեկտեմբերի 9-ին Հայաստանում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ քաղաքական ուժերը ներկայացնում են իրենց մոտեցումները, այդ թվում` Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ: Ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի (9 կուսակցություն, 2 դաշինք) նախընտրական ծրագրերի համադրական վերլուծության հիման վրա ներկայացնում ենք վերոնշյալ ուժերի մոտեցումները սփյուռքին առնչվող հարցերի վերաբերյալ: Նշենք, որ սփյուռքի մասին ամրագրում առկա չէ միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագրում:

Սփյուռքի և հայրենիք-սփյուռք կապերի վերաբերյալ քաղաքական ուժերի մոտեցումները ներկայացված են ըստ քվեաթերթիկներում նրանց համարների հերթականության։

Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրում ամրագրված է, որ «պետությունը պետք է բարենպաստ պայմաններ ստեղծի սփյուռքահայության ներուժի համախմբման համար՝ ի նպաստ Հայոց պետության հզորացման, սփյուռքի արժանապատիվ գոյատևման, հիմնական նպատակ համարելով սփյուռքահայության վերադարձը Հայրենիք»:

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը կարծում է, որ «պատմականորեն ձևավորված մեծ սփյուռքը Հայաստանի կարևոր առանձնահատկություններից է, և կարող է էական ազդեցություն ունենալ պետական շահի առաջխաղացման գործում»:

Հայ Հեղափոխական Դաշնակցությունն առաջարկում է ՀՀ արտաքին քաղաքականության մեջ «առաջնորդող սկզբունք համարել այն, որ հայոց պետականությունը ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, այլև համայն հայության ազգային նպատակների իրականացման երաշխավորն է»: Ըստ այդմ՝ առաջարկվում է «ամեն ինչ անել սփյուռքահայությանը հայոց պետականության գործընթացում լիարժեք ներգրավելու համար»: ՀՅԴ-ն նաև առաջարկում է «գործադրել Հանրապետության և հայության տարբեր հատվածների առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման, համազգային ներուժի բացահայտման և օգտագործման ամբողջական ռազմավարություն»:

«Իմ քայլը» դաշինքն իր նախընտրական ծրագրում նշում է, որ վերագնահատելով Հայաստան-սփյուռք հարաբերությունների նախորդ գրեթե մեկդարյա փորձը, ինչպես նաև հիմնվելով պետություն-սփյուռք հարաբերությունների կառուցման միջազգային լավագույն փորձի վրա՝ «իր առաջնահերթությունն է հռչակելու մեր հայրենիքի և սփյուռքի միջև կապի ամրապնդումը փոխադարձ վստահության մթնոլորտում, սփյուռքի համայնքների համախմբումը և ջանքերի մեկտեղումը հայրենիքի զարգացման գաղափարի շուրջ»:

Դաշինքն առաջնահերթ է համարում «աշխարհասփյուռ հայրենակիցների ակտիվ մասնակցությամբ սփյուռքի ներգրավման նորարարական ռազմավարության և ճանապարհային քարտեզի մշակումը, որի հիմքում ընկած են լինելու հայկական գաղթօջախների առանձնահատկությունների ուսումնասիրումը և առկա մարդկային ներուժի փոխշահավետ օգտագործման հրամայականը»: Դաշինքը հայտարարում է, որ «սփյուռքի նորարարական քաղաքականության իր ռազմավարությունն ուղղված է լինելու «Ուժեղ Հայաստան, Ուժեղ Սփյուռք» տեսլականի իրագործմանը»:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը գտնում է, որ «Հայաստանը պետք է դառնա ամբողջ հայության միավորման, նրա հնարավորությունների, կարողությունների, կապերի օգտագործման և ամբողջ ներուժի իրացման կենտրոն»: Կուսակցությունը կարծում է, որ «Հայաստան-սփյուռք գործակցությունը պետք է հիմնված լինի միասնականության, պատասխանատվության և թափանցիկության արժեքների վրա: Այդ գործակցության զարգացումը, հայության ներուժի համախմբումը և նպատակային օգտագործումը, նրա բոլոր հատվածների միասնականության ապահովումը պետք է լինի Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու կարևորագույն գործոններից մեկը»:

Լուսավոր Հայաստանն ամրագրում է, որ «սփյուռքն այսօր հանդիսանում է մեր երկրի մրցակցային առավելությունը, և պետք է պայմաններ ստեղծել, որպեսզի սփյուռքի մեր հայրենակիցները Հայաստանում կարողանան ստեղծել հավելյալ արժեք»: Այս տեսանկյունից կուսակցությունը կարևորում է «սփյուռքահայերի ինքնակազմակերպումը, ինտեգրումը, ազգային ինքնության պահպանման հարցերում աջակցությունը, սփյուռքի ներուժի թիրախային օգտագործումը, կապերի սերտացումը և համագործակցության խորացումը, առաջնահերթությունների հստակեցումը, համահայկական կառույցների և անհատների հետ համատեղ ծրագրերի իրականացումը»:

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը հայտարարում է, որ իր նպատակն է «Հայաստանում և սփյուռքում ծավալել քրիստոնեական վերականգնումի շարժում, որի հիմքը Հայոց մշակութային-քաղաքակրթական ինքնությունն է»: Այս վերափոխումների իրականացման համար կուսակցությունը անհրաժեշտ է համարում «հոգևոր, նյութական և մարդկային ռեսուրսների ընդգրկում, համահայկական մոբիլիզացիա». «Թերևս հայ ժողովրդի պատմության մեջ առաջին անգամ հայրենադարձությունը դառնում է անխուսափելի անհրաժեշտություն»:

«Ազգային առաջընթաց» կուսակցությունը նպատակ ունի առավելագույնս «օգտագործել հայ ազգային ներուժը, ինչը ենթադրում է սփյուռքի և Հայաստանի բոլոր մարզերի քաղաքացիների հնարավորինս ամբողջական ներկայացչություն` կոլեգիալ կառավարվող ու ժողովրդավարության սկզբունքները հարգող, հեղինակություններից զերծ միջավայրում»։

«Մենք» դաշինքն անհրաժետ է համարում «սփյուռքի տնօրինած կապիտալը ուղղորդել Հայաստան»: Նշվում է, որ «տարբեր հաշվարկներով՝ խոսքը 440-450 մլրդ ԱՄՆ դոլարի մասին է, որը կարող է Հայաստանի տնտեսություն ուղղորդվել այդ նպատակով պետության մասնակցությամբ հատուկ հիմնադրամի միջոցով»: Օրինակ, հայ-ամերիկյան համագործակցային շրջանակների առավել հստակեցման ու ընդլայնման տեսանկյունից դաշնինքն առաջնային է համարում «ԱՄՆ-ում հայկական ազդեցիկ սփյուռքի ներուժի ըստ արժանվույն գնահատումը և փոխգործակցության մեխանիզմների ստեղծումը, այդ թվում՝ ամերիկյան ներդրումային ծրագրերի խթանման միջոցով»: Առաջարկվում է նաև «ճանապարհային շինարարության մեջ միջոցներ ներգրավել սփյուռքից ստացված գումարներից»: Դաշինքը նաև կարևորում է «աջակցությունը հայկական սփյուռքում մշակութային կյանքին ու Հայաստան-սփյուռք սերտ և անխափան կապին»:

«Օրինաց երկիր» կուսակցությունը, կարևորելով Հայաստան-Սփյուռք–Արցախ եռամիասնության ամրապնդումը, իր նախընտրական ծրագրում առաջարկում է «համահայկական կառույցների ձևավորում՝ ներառյալ Համահայկական խորհրդարան, Համահայկական խորհուրդ, որտեղ մի դեպքում փորձաքննություն և խորհրդատվություն կանցնեն Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքները, մյուս դեպքում` Կառավարության և գործադիր իշխանության որոշումները»: ՕԵԿ-ն առաջարկում է «ներդնել սփյուռքահայերի՝ երկրի զարգացման գործում ներգրավման նորարարական այլ մեխանիզմներ, խրախուսել և աջակցել սփյուռքահայերին՝ Հայաստանում ներդրումներ կատարելու, ձեռներեցությամբ զբաղվելու ցանկությանը, երաշխավորել նրանց օրինական իրավունքների և շահերի պաշտպանությունը»:

«Սասնա ծռեր» կուսակցությունը կարևորում է օրենսդրական, սոցիալ-տնտեսական և սոցիալ-մշակութային բարենպաստ պայմանների ստեղծումը հայրենադարձների համար:

Ամփոփելով՝ նշենք, որ գրեթե բոլոր քաղաքական ուժերը կարևորում են պետության կողմից բարենպաստ պայմանների ստեղծումը սփյուռքահայության ներուժի համախմբման և հայոց պետականության կերտման գործընթացում սփյուռքի ներգրավման համար: Քաղաքական ուժերի մոտեցումներում հիմնական տարբերությունը կայանում է դրա համար անհրաժեշտ մեխանիզմների և դրանց կիրառման մեթոդների մեջ:

Արփինե Հովսեփյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում