Վերլուծություն

Լրագրողները ԱԺ-ում կամ քաղաքականություն բոլորի համար

3 րոպեի ընթերցում

Լրագրողները ԱԺ-ում կամ քաղաքականություն բոլորի համար

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակից կուսակցությունների ու դաշինքների ցուցակների հրապարակումը հասարակության մեջ տարաբնույթ մեկնաբանությունների ու կարծիքների ալիք բարձրացրեց։ Մասնավորապես, հետաքրքրական է տարբեր քաղաքական ուժերի ցուցակներում լրագրողների ակնառու ու պատկառելի ներկայության հարցը։ Վերջինս հատկանշական է մի շարք առումներով։

Նախ և առաջ, որոշ չափով բնական է, որ լրագրությունն ընդհանրապես և լրագրողները մասնավորապես, եղել և մնում են հայկական հասարակության՝ եթե ոչ ամենաքաղաքականացված, ապա առնվազն ամենաքաղաքականացված շրջանակներից մեկը։ Եվ սա տրամաբանական է, երբ քաղաքականությունը դիտարկվում է որպես հանրային ակտիվություն, իսկ հանրային խոսքը՝ որպես քաղաքականության հիմնասյուներից մեկը։ Այս պարագայում առաջին պլան են մղվում հենց լրագրողները։ Մեդիան՝ ի դեմս լրագրողների, հենց այն տեղեկատվական ու հանրային միջավայրի կազմակերպիչն ու կանոնակարգողն է, որը թե՛ տոն է տալիս հանրային կարծիքին, թե՛ հանրայնացնում է քաղաքական խոսքը։ Իսկ խոսքը, որն ասվում է հանրային ձևով և ուղղված է հանրությանը, ինքնին քաղաքական է։

Այս համատեքստում լրագրողները կամա թե ակամա զբաղվում են նաև քաղաքական գործունեությամբ։ Քաղաքական գործունեությունը՝ դրական իմաստը ընդգծելով, այն է երբ մարդկանց խումբը՝ որպես հատուկ ինստիտուտի ներկայացուցիչ, կարողանում է ազդեցություն ունենալ այլ խմբերի կամ անհատների վրա։ Այստեղ է, որ գործ ունենք «գրավոր և բանավոր խոսքի» կրողների ու նրանց կապիտալի հետ։ Չէ՞ որ խոսքը՝ նկատի ունենալով առաջին հերթին հանրային խոսքը, հենց մեդիայի, լրագրության ու լրագրողների կապիտալն է։ Այն ինչ-որ տեղ սիմվոլիկ կապիտալ է, քանի որ չի տրվում պարզ մաթեմատիկական հաշվարկներին ու հստակ չափելի չէ։

Այսպիսով, ի դեմս մեդիայի և լրագրողների, գործ ունենք հանրային ոլորտի խորհրդանշական կապիտալի ու դրա կրողների հետ, որոնք իրենց ոչ ֆորմալ սիմվոլիկ կապիտալը որոշում են տանել ֆորմալ քաղաքական դաշտ՝ հայտ ներկայացնելով դառնալ պատգամավորներ ու իրենց փորձառությունն իրացնել արդեն Ազգային ժողովի պատգամավորի դերում։

Մյուս կողմից՝ պետք չէ մոռանալ, որ անկախությունից ի վեր հանրային խոսքը և մեդիան ազատության ձգտող կամ հասարակական-քաղաքական կյանքի ամենաազատ որոլորտներից մեկն է եղել, իսկ իրական քաղաքականությունը կայանում է հենց այդպիսի ազատ, ինքնակառավարման ձգտող համակարգերում։ Քաղաքականացված լրագրությունը և լրագրողներն են այժմ տոն տալիս քաղաքական դաշտում և բնական է, որ նրանք ձգտում են կապիտալիզացնել և ինստիտուցիոնալիզացնել իրենց սիմվոլիկ կապիտալը, դառնալ քաղաքականության ուղղակի ու ֆորմալ դերակատարներ ու գալ առաջին պլան։

Գոռ Մադոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում