Տնտեսություն

Հայկ Սարգսյանի համոզմամբ, երկրի տնտեսական աճը թաքնված է սահմանդրականության բարձր մակարդակի մեջ

2 րոպեի ընթերցում

Հայկ Սարգսյանի համոզմամբ, երկրի տնտեսական աճը թաքնված է սահմանդրականության բարձր մակարդակի մեջ

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկա տարիներին Հայաստանի տնտեսության շեշտակի վերելքն իրատեսական է: Երևանում անցկացվող «Հայաստանի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները» թեմայով խորհրդաժողովի ժամանակ այս մասին նշեց ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանը՝ ներկայացնելով «Իշխանության գերխնդիրը սահմանադրականության մակարդակի բարձրացումն է» թեմայով զեկույցը:

«Վերելքի հասանելիությունը մեծապես կապված է լինելու վաղվա օրվա նկատմամբ վստահության ու արդյունավետ տնտեսավարման կարողունակության հետ: Երբ խոսում ենք սահմանադրականության մասին, ասեմ, որ այդ ճանապարհը հարթ չէ: Ունենալ գրված Սահմանադրություն՝ դեռ չի նշանակում ունենալ այդ նորմերի բարձր իրացվելիության իրավիճակ: Բոլոր նորմերը, որոնք ամրագրված են Սահմանադրության մեջ, պետք է գերակա լինեն, իսկ այդ ուղղությամբ լուրջ անելիքներ ունենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց բանախոսը:

Նա նշեց, որ անցումային 29 երկրների շարքում սահմանադրականության մակարդակով Հայաստանը գտնվում է միջին տեղում՝ Ալբանիայի, Բոսնիա և Հերցեգովինայի հետ: Ցածր մակարդակով բնութագրվում են Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ռուսաստանը: Բարձր մակարդակ ունեցողներն են Մերձբալթյան հանրապետությունները:

«Երբ փորձում ենք զատել ցուցիչները, վարկանիշային գնահատականները տեսնում ենք, որ դրանք երկու խմբով են ներկայանում՝ ժողովրդավարություն, ինստիտուցիոնալ զարգացում: Մենք կարող ենք իսկապես ներկայիս ժողովրդավարությանը զուգահեռ գործադրել ինստիտուտները, ընդ որում, ամենատարբեր բնույթի՝ քաղաքացիական հասարակություն, անկախ մեդիա, կառավարության գործունեության արդյունավետություն, իրավունքի գերակայություն և այլն: Այս իմաստով իմ արձանագրումը հետևյալն է. սահմանդրականության բարձր ցուցիչները երաշխիք են առաջընթացի համար: Տնտեսական աճը թաքնված է սահմանդրականության բարձր մակարդակի մեջ»,-ասաց Հայկ Սարգսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում