ԱԺ արտահերթ ընտրությունների առանձնահատկությունը
4 րոպեի ընթերցում

Միայն թե այսօր դժվար է միանշանակ կանխատեսել՝ ընտրությունների արդյունքում ո՞ր ուժն է ԱԺ-ում իր ներկայացվածությամբ հաջորդելու «Իմ քայլը» դաշինիքին: Քանի որ ԱԺ արտահերթ ընտրություններն անցկացվելու են ռեյտինգային ընտրակարգով, ենթադրվում է` առավելագույն ձայներ ստանալու շանս ունեն այն կուսակցությունները, որոնք լայն ներկայացվածություն ունեն մարզերում: Կուսակցությունների համար քվե բերողը լինելու է հենց ռեյտինգային թեկնածուն՝ իր թիմով: Այս առումով գաղտնիք չէ, որ մարզերում բավարար ներկայացվածություն ունեն ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն, եւ հիմնական մրցակիցները հենց նրանք են լինելու: Նման պնդում կարելի է անել անգամ՝ հաշվի առնելով իշխանափոխությունից հետո այս կուսակցությունների դիրքային նահանջը։ Ի դեպ, թեև ՀՀԿ-ից մեծ չափերի արտահոսք է եղել, նախկին իշխող կուսակցությունը դեռեւս ամբողջությամբ չի սպառել իր հնարավորությունները:
Տեսակետ կա, որ եթե «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունները պահպանեին «Լույս» դաշինքը (որը ձեւավորեցին Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ), միգուցե նրանք իրական հնարավորություն ունենային ԱԺ ընտրություններում լինել երկրորդ կամ առնվազն երրորդ ուժը: Այսօր, սակայն, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ընտրություններին մասնակցելու է առանձին, իսկ Հանրապետություն կուսակցությունը՝ «Ազատ դեմոկրատների» հետ միասին։ Ըստ այդմ կարծես նվազում են նրանց՝ նոր խորհրդարանում հայտնվելու շանսերը: Ռեյտինգային ընտրակարգով լրջորեն բարդացել է նաեւ խորհրդարանում հայտնվելու նորաստեղծ «Սասնա ծռեր» կուսակցության առաջադրանքը. նրանք ռեսուրսի՝ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու հարցում լուրջ խնդիր ունեն՝ պայմանավորված նաև մարզերում բավարար ներկայացվածություն չունենալու հանգամանքի հետ:
Այսպիսով, նկատենք, 2018թ. խորհրդարանական արտահերթ ընտրություններն իրենց բովանդակությամբ ու բնույթով էապես տարբերվելու են նախորդներից, եւ նույնպիսի տարբերությամբ ուրվագծելով նաև նոր խորհրդարանի պատկերը:
Արման Գալոյան