Պաշտոնական

Իտալիայի Ազգային հետազոտությունների խորհրդի նախագահը մեծապես հետաքրքրված է նախագահ Սարգսյանի՝ համաշխարհային ռիսկերի քվանտային վարքագծի տեսությամբ

2 րոպեի ընթերցում

Իտալիայի Ազգային հետազոտությունների խորհրդի նախագահը մեծապես հետաքրքրված է նախագահ Սարգսյանի՝ համաշխարհային ռիսկերի քվանտային վարքագծի տեսությամբ
ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 14-ին աշխատանքային այցով մեկնել է Իտալիայի Հանրապետություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի գրասենյակից, Հռոմում նախագահ Սարգսյանը հանդիպել է Իտալիայի Ազգային հետազոտությունների խորհրդի նախագահ Մասիմո Ինգուշոյի (Massimo Inguscio) հետ:

Ջերմ և բարեկամական զրույցի ընթացքում Իտալիայի Ազգային հետազոտությունների խորհրդի նախագահը նշել է, որ մեծապես հետաքրքրված է նախագահ Արմեն Սարգսյանի կողմից առաջ քաշված համաշխարհային ռիսկերի քվանտային վարքագծի տեսությամբ, մասնավորապես այդ ռիսկերը կառավարելու նոր, ստեղծարար լուծումների վերաբերյալ Հայաստանի նախագահի պատկերացումներով:

Նախագահ Սարգսյանը և Իտալիայի Ազգային հետազոտությունների խորհրդի նախագահը խոսել են նաև հայ-իտալական գիտական համագործակցության խորացման, գիտակրթական կապերի ընդլայնման մասին: Նրանք ընդգծել են փոխգործակցության մեծ ներուժը հատկապես բնական գիտությունների, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում, ինչպես նաև կարևորել են հետազոտական փոքր խմբերի փոխանակման ծրագրերը:

Նախագահ Սարգսյանը հրավիրել է Մասիմո Ինգուշոյին 2019 թվականի սկզբին այցելել Հայաստան՝ տեղում գործակցության կոնկրետ ուղղությունները քննարկելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում