Ընտրությունների քաղաքական ինստիտուտի հասարակական ընկալման ձևախեղման արմատները
7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին տեղի կունենան ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները։ Մինչ լուծարումը 6-րդ գումարման ԱԺ-ն, համաձայն հեղափոխության օրակարգի, պետք է ընդուներ նոր Ընտրական օրենսգիրք։ Սակայն ԱԺ երկու ընթերցումներում նոր ԸՕ-ն տապալվեց և արդյունքում դեկտեմբերյան ընտրություններն անցկացվելու են գործող ԸՕ-ով՝ ռեյտինգային-համամասնական ընտրակարգով։ Այս իրողությունը ակտվացրեց հասարակական, քաղաքական տարբեր հարթակներում ռեյտինգային ընտրակարգի շուրջ քննադատական գնահատականները։ Մասնավորապես շատ էր շեշտվում այն, որ ռեյտինգային ընտրակարգը բերում է ընտրությունների ապաքաղաքականացման, բիզնես շրջանակների, տարբեր տեղական հեղինակությունների խորհրդարանում հայտնվելուն։ Սակայն այսօրինակ երևույթների բացատրությունը զուտ Ընտրական օրենսգրքով և ընտրակարգով, կարծում ենք խնդիրը ներկայացնում է թերի։ Ընտրությունների քաղաքական ինստիտուտի ձևախեղումը, ըստ էության, շատ ավելի խորը արմատներ ու բովանդակություն ունի, քանի այս կամ այն ընտրակարգը։
Հայաստանի անկախությունից ի վեր անցկացված համապետական նշանակության ընտրությունները մշտապես տարակարծությունների տեղիք են տվել։ Որպես կանոն, միակ ազատ և ժողովրդավարական ընտրություն է գնահատվել 1991 թվականի նախագահական ընտրությունը, որի արդյունքում Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց ՀՀ առաջին նախագահ։ Սրան հաջորդած բոլոր՝ թե նախագահական, թե խորհրդարանական ընտրությունները առավել կամ պակաս չափով գնահատվել են կեղծված կամ գոնե լեգիտիմության պակաս ունեցող։
Չխորանալով վերջին երկուսուկես տասնամյակում անցկացված ընտրությունների որակական և կազմակերպական կողմին, հարկ է շեշտել, որ հայաստանյան քաղաքական դաշտում այլախեղվեց ընտրությունների գաղափարը։ Նախագահական կամ խորհրդարանական ընտրությունները թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության կողմից ընկալվում էին մի կողմից իշխանությունը պահպանելու, մյուս կողմից իշխանությունը վերցնելու գործիք։
Սակայն այս երկու մոտեցումները ոչ թե կազմում էին ընտրական գործընթացների բովանդակությունը, այլ այդ բովանդակության բաղադրիչներից էին։ Ժողովրդավարության դասական սահմանումներում ընտրությունների միջոցով ժողովուրդը արձանագրում է իր կամարտահայտությունը և ձևավորում իշխանություն։ Սակայն գաղտնիք չէ, որ 1995 թվականից ի վեր անցկացված ընտրությունների արդյունքները հեռու են ժողովրդավարական կոչվելուց և խնդիրն այստեղ ոչ միայն այդ ընտրություններում տեղ գտած խախտումները կամ կեղծիքների մասշտաբներն են, այլև զուտ ընտրական գործընթացի նկատմամբ հասարակական, քաղաքական վերաբերմունքը։
Ըստ էության, անգամ 1991 թվականի նախագահական ընտրությունները, որոնք այսօր չեն վիճարկվում, շատ դժվար է համարել ժողովրդավարական այն պարզ պատճառով, որ դրանք անցկացվեցին վերջերս չափազանց շատ կիրառվող հանրային էյֆորիայի պայմաններում։ Այդ ընտրությունները պայմանականորեն կարող ենք կոչել ազգային հեղափոխական, ազատագրական բովանդակության ընտրություններ։
1991 թվականին հաջորդած առաջին համապետական ընտրությունները 1995 թվականի խորհրդարանական ընտրություններն էին։ Այս երկու ընտրությունների միջակայքում, սակայն, հայաստանյան քաղաքական դաշտը այլախեղվեց, կուսակցական համակարգի ձևավորումը հայտնվեց ներքաղաքական տեղաշարժերի լուսանցքում։
Եվ սա ոչ միայն իշխանության նախաձեռնությամբ կամ ջանքերով, այլև բոլոր քաղաքական ուժերի լուռ համաձայնությամբ։ Քաղաքական կուսակցությունների բյուրեղացման փոխարեն ավանդույթ դարձավ «քաղաքական նեղացկոտությունը», երբ ներկուսակցական խնդիրների ի հայտ գալուն պես կուսակցական գործիչը կամ գործիչները հեռանում էին կուսակցությունից և հիմնում մի նոր քաղաքական ուժ։ Այս ավանդույթը դարձավ հայաստանյան քաղաքական դաշտի չափորոշիչ։ Նման պայմաններում, բնական էր, որ առկախվում էր ընտրությունների քաղաքական ինստիտուտի կայացումը։ Սրան գումարվեց նաև այն, որ խորհրդարանական ընտրություններին (1995թ.) զուգահեռ անցկացվում էր Սահմանադրության հանրաքվեն։ Արդյունքում, խորհրդարանական ընտրությունների քաղաքական կարևորությունը ստորադասվեց Սահմանադրության հանրաքվեին։ Թերևս, հենց այստեղից էլ սկսվեց խորհրդարանական ընտրությունների թերարժեվորումը հասարակական ընկալումներում։
Մյուս կողմից, շարունակաբար շեշտվել է այն հանգամանքը, որ Հայաստանի քաղաքացիների ընտրական վարքի վրա մեծ ազդեցություն ունեն սոցիալական կապերը, տեղական հեղինակությունների վարկանիշը, գործարար շրջանակները և այլն։ Սակայն, փաստն այն է, որ նման վարքը ձևավորվել է ոչ միայն նախկինում գործող մեծամասնական-համամասնական ընտրակարգի, այլև ընտրությունների քաղաքական ինստիտուտի այլախեղված ընկալումների արդյունքում։ Ի վերջո, որևէ ընտրակարգ ընդամենը տեխնիկական միջոց է, որը միտված է արդյունավետ լինելու համապատասխան քաղաքական միջավայրում։ Այստեղ առանցքայինը ոչ թե տեխնիկական միջոցի տարատեսակն է, այլ զուտ քաղաքական միջավայրի որակը։
Որպես արդյունք, ընտրությունների ինստիտուտի կայացման խոչընդոտ դարձավ ոչ թե մեծամասնական-համամասնական ընտրակարգը, այլ զուտ ընտրություն քաղաքական երևույթի ապաքաղաքական ընկալման միտումները։ Մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները մեծ հաշվով ներկայանում էին ոչ թե որպես դասական իմաստով քաղաքական գործիչներ, այլ ընդամենը հանրության որոշակի շերտի պատվիրակներ։ Պատվիրակներ, որոնք իշխանության ներսում սպասարկում էին ներխմբային շահերը։
Ըստ էության, հենց այս սկզբունքն է գործում նաև ռեյտինգային ընտրակարգի պայմաններում։ Մեծ հաշվով, այս մտայնությունը մեծ հավանականությամբ կգործի նաև մաքուր համամասնական ընտրակարգի պայմաններում։ Իսկ թե ինչ դրսևորմամբ, սա արդեն խնդրի տեխնիկական կողմն է։ Այս համատեքստում, ընտրակարգերի շուրջ բանավեճերն ու քննարկումները չեն արտացոլում խնդրի ողջ սպեկտրը, քանի որ այն շատ ավելի խորն է և գտնվում է քաղաքական ու կուսակցական համակարգի ձևավորման հարթության տիրույթում։ Ուստի, որևէ ընտրակարգ ամբողջապես չի կարող նպաստել կամ ստեղծել ընտրությունների ինստիտուտ, որովհետև քաղաքական միջավայրն է ծնում դրան համապատասխան ընտրակարգը, այլ ոչ թե՝ հակառակը։ Եվ այստեղ է, որ առաջին պլան է մղվում ոչ թե Ընտրական օրենսգրքի կամ ընտրակարգի փոփոխությունը այլ, կուսակցական համակարգի ձևավորման վերաբերյալ կոնսենսուսային հայեցակարգի մշակումը։
Աղասի Մարգարյան