Տնտեսություն

Հաստատվեց «Ինժեներական քաղաքի» ստեղծման հայեցակարգը

2 րոպեի ընթերցում

Հաստատվեց «Ինժեներական քաղաքի» ստեղծման հայեցակարգը

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հաստատեց «Ինժեներական քաղաքի» ստեղծման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը նշեց, որ հայեցակարգի հիմնական նպատակն է Հայաստանում ինժեներական քաղաքի հիմնման միջոցով նպաստել երկրում ինժեներական և բարձր տեխնոլոգիաների (ԻԲՏ) ոլորտի հետագա զարգացմանը` խթանելով Հայաստանում տնտեսության մրցունակության և արտադրողականության մակարդակի բարձրացումը:

«Ինժեներական քաղաքը» նախագծված է այնպես, որ մեկ վայրում տեղակայվեն և կենտրոնացվեն ԻԲՏ ոլորտի ընկերությունները/հաստատությունները: Ծրագրի հիմնական նպատակներից է նաև Հայաստանը դարձնել ինժեներական և բարձր տեխնոլոգիական արտադրանքի և ծառայությունների՝ գլոբալ շուկաներ արտահանող երկիր, ինչպես նաև տարածաշրջանային հանգույց ինովացիոն ինժեներական և բարձր տեխնոլոգիական լուծումների համար»,- ասաց Արշակյանը՝ ավելացնելով, որ ծրագիրն իրականացվելու է պետություն-մասնավոր համագործակցությամբ:

Նախատեսվում է ստեղծել ինովացիոն էկոհամակարգ, որտեղ ԻԲՏ ոլորտի ընկերություններն արդիական ենթակառուցվածքների կիրառմամբ կմշակեն և կիրագործեն նորարարական գաղափարներ` տեղական ու միջազգային շուկաներում բարդ տեխնոլոգիական լուծումների առաջադրման նպատակով: Արդյունքում՝ հայեցակարգի ընդունումն էապես կնպաստի ԻԲՏ ոլորտի արդիական ենթակառուցվածքների ձևավորմանը, ոլորտի նոր ընկերությունների և աշխատատեղերի ստեղծմանը, բարձրորակ մասնագետների պատրաստմանն ու վերապատրաստմանը, ինժեներական և բարձր տեխնոլոգիական արտադրանքի ու ծառայությունների արտահանմանը` խթանելով Հայաստանում ԻԲՏ ոլորտի և, ընդհանուր առմամբ, տնտեսության զարգացումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում