Տնտեսություն

Քննվում են մոտ 200 մլն դոլարի չարաշահումների, յուրացումների, վատնումների վերաբերյալ քրեական գործեր. Վարչապետ

2 րոպեի ընթերցում

Քննվում են մոտ 200 մլն դոլարի չարաշահումների, յուրացումների, վատնումների վերաբերյալ քրեական գործեր. Վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընդհանուր առմամբ ներկայում տարբեր քննչական մարմիններում քննվում են մոտավորապես 200 մլն դոլարի չարաշահումների յուրացումների, վատնումների վերաբերյալ քրեական գործեր:

Այս մասին Ազգային ժողովում իր ելույթում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Ես ուզում եմ մենք բոլորս արձանագրենք, որ քննչական մարմիններն աշխատում են իրենց հնարավորությունների եզրագծից դեռ մի բան էլ այն կողմ: Ծանրաբեռնվածությունը պատճառ է, որ վնասների վերականգնման և հատուցման պրոցեսը չի ընթանում այնպիսի արագությամբ, ինչպիսին մենք կցանկանայինք: Մի բան է զուտ վճարվելիք հարկերի ճշտումները, բոլորովին այլ բան է յուրացումների, չարաշահումների վերականգնումը, որովհետև դրա համար պետք է քննություն, դատական ընթացք, օրինական ուժի մեջ մտած դատական վճիռ, որից հետո այդ պրոցեսները կիրականացնեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա ներկայացրեց օրինակ, թե ինչպես կառավարության հակակոռուպցիոն քաղաքականությունը կարող է զուտ թվային ցուցանիշների վրա ազդել: Մասնավորապես, լրջագույն քննության է ենթարկվում Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի կառուցման աշխատանքը: Նիկոլ Փաշինյանի խոսքով, կարող ենք հաստատված փաստ համարել այն, որ «Տրանշ 1»-ի շրջանակում իրականացրած շինարարությունը չի համապատասխանում որակական չափանիշներին: Կառավարությունը հետևողական է լինելու, որ այդ բաց թողնվածը վերականգնվի, ճանապարհը բերվի պատշաճ մակարդակի:

«Կարևոր է այսօր հաստատել կանոններ, որպեսզի հետագայում բացառվեն նման դրսևորումները: Ճանապարհի կառուցման աշխատանքն իր ամբողջ ծավալով չի իրականացվում, որովհետև մենք ունենք հարցեր: Մինչև այդ հարցերը չկարգավորվեն, որ հին եղանակով, հին ձևերով, հին որակով չշարունակեն աշխատել, գործն ամբողջ ծավալով չի իրականացվի: Բնականաբար, դա ունենում է որոշակի տնտեսական զսպող էֆեկտ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում