Տուրիստական գոտի, անասնապահական ֆերմա, հյուրանոցային ծրագիր. Տավուշում ներդրումային հնարավորությունների նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին շրջանում Տավուշում ներդրումներով հետաքրքրվողների թիվն աննախադեպ մեծ է: Հետաքրքրվողները հիմնականում տարբեր երկրներից հայ գործարարներ են, ովքեր ծնունդով տավուշցիներ են: Ցանկանում են իրենց ներդրումն ունենալ հայրենի հողում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը նշեց, որ ներդրումային հնարավորությունների նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, սակայն գործնական ծրագրերը դեռ այնքան էլ շատ չեն: Կան ներդրումային ծրագրեր, որոնք ընթացքի մեջ են, որոշները քննարկման փուլում են:

Մարզպետը տեղեկացրեց, որ Տավուշում ներդրումային ոլորտի ակտիվացմանը նպաստել է սեպտեմբերին կայացած համաժողովը, որի առաջին արդյունքներն արդեն առկա են:

«Համաժողովից հետո արդեն կա ստորագրված հուշագիր: Դրա համար ես մեկնել եմ Ուկրաինա: Այնտեղ բնակվող իջևանցի գործարար Անդրանիկ Ղազարյանը նախատեսում է հիմնել անասնապահական ֆերմա, զուգահեռ ստեղծել կոոպերատիվներ, ֆերմերներին տրամադրել գոճիներ: Գործի համար անհրաժեշտ է 4 հա հողատարածք: Գործարարին մի քանի տարբերակ ենք ներկայացրել: Այժմ ներկայացուցիչը եկել է Տավուշ, հարցը հիմա քննարկման փուլում է»,-ասաց մարզպետը:

Բացի այդ, ևս մեկ գործարար հետաքրքրված է տուրիստական գոտի ստեղծելու ծրագրով: Վահե Ղալումյանը տեղեկացրեց, որ սկսվել է Իջևանում հյուրանոցային ծրագրի իրականացումը: Իջևան քաղաքում մեկ վարչական շենք աճուրդով վաճառվել է՝ պայմանով, որ արագ ներդրումներ կատարվեն: Նախատեսվում է այնտեղ հյուրանոց հիմնել, աշխատանքներն արդեն սկսվել են:

«Ներդրումային հնարավորությունների վերհանման առումով ուսումնասիրություններ են կատարվում տուրիզմի, գյուղատնտեսության ոլորտներում: Հաջողված օրինակ ունենք թեթև արդյունաբերության ոլորտում: Ինչպես գիտեք, հաջողությամբ գործում է «Տավուշ տեքստիլ»-ը, որը Բերդի տարածաշրջանում ստեղծել է 520 աշխատատեղ՝ 150 հազար դրամ միջին աշխատավարձով: Այժմ բանակցություններ ենք վարում գործարարի հետ մյուս գյուղերում փոքր արտադրամասեր ստեղծելու ուղղությամբ»,-ասաց մարզպետը:

Վահե Ղալումյանն անդրադարձավ 140 հազար դոլար դրամաշնորհին, որի մասին ասվեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի Տավուշ կատարած այցի ընթացքում: Դրամաշնորհը նախատեսված է տրամադրել Հաղարծին, Թեղուտ համայնքներին, որոնք գտնվում են Դիլիջան ազգային պարկի հարևանությամբ:

«Անտառների նկատմամբ վերահսկողությունը խստացնելուց հետո բնակչության շրջանում դժգոհություն կար: Այդ դրամաշնորհի նպատակը մարդկանց սեփական գործ ունենալու հնարավորություն տալն է: Այս պահին համայնքներից հայտեր են ընդունվում, ուսումնասիրվում են, որպեսզի դրամաշնորհը բաժանվի: Հայտերը վերաբերում են անասնապահությանը, հյուրատներ կառուցելուն, ջերմոցներ հիմնելուն»,-հավելեց նա:

Աննա Գզիրյան

Հայերեն English Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան