Թողարկվել է «Հայոց պետականություն. ՀՀ ոստիկանության հիմնադրման 100-ամյակը» թեմային նվիրված նամականիշ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայոց պետականություն. ՀՀ ոստիկանության հիմնադրման 100-ամյակը» թեմային նվիրված նոր նամականիշը մարվեց և շրջանառության մեջ դրվեց հոկտեմբերի 31-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նամականիշի վրա պատկերված է ՀՀ ոստիկանության խորհրդանիշը և «100-ամյակ» գրությունը՝ կատարված մատնահետքերի տեսքով: ՀՀ դրոշի գույներով ձևավորված նամականիշը թողարկվել է 30.000 տպաքանակով:
Նամականիշի մարումն իրականացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Հակոբ Արշակյանը, ողջունելով նամականիշի մարման արարողության մասնակիցներին, անդրադարձել է այն կարևոր դերակատարությանը, որ ունի ոստիկանությունը պետական-իրավական համակարգի կայուն և բնականոն գործունեության ապահովման, զարգացման և կատարելագործման մեջ:
Նամականիշն ունի 120 ՀՀ դրամ անվանական արժեք: Այն տպագրված է Ֆրանսիայի «Cartor» տպագրատանը: Դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը: