12.5 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ Ամերիաբանկին՝ բիզնեսներին նպաստելու նպատակով
4 րոպեի ընթերցում

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վարկը համաֆինանսավորվում է ՎԶԵԲ-ի և Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) կողմից, որը 2010թ.-ի Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայով ստեղծված՝ կլիմայի հարցերով խոշորագույն միջազգային հիմնադրամն է: ԿԿՀ-ն աջակցում է զարգացող երկրներում արտանետումների ցածր մակարդակ ապահովող և կայուն կլիմային նպաստող ծրագրերի իրականացմանը:
Միջոցները տրամադրվում են Ամերիաբանկին ՎԶԵԲ-ի Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագրի (ԿՏՖԾ) ներքո: Սա մի շրջանակ է, որը կօգնի բիզնեսներին ներդրումներ անել կլիմայի ադապտացման և ազդեցության մեղմացման տեխնոլոգիաներում, որոնք նաև կօգնեն բարելավել նրանց արտադրողականությունը և նվազեցնել ծախսերը:
Վերականգնվող էներգիայի ոլորտում փոքր նախագծերով հետաքրքրվող ընկերությունները կարող են նաև օգտվել Կլիմայի ռազմավարական հիմնադրամի (ԿՌՀ) կողմից ֆինանսավորվող ներդրումային խթանման միջոցներից՝ «Վերականգնվող էներգիայի ընդլայնման ծրագրի» (ՎԷԸԾ) միջոցով: ԿՏՖԾ-ն ներառում է տեխնիկական խորհրդատվության համապարփակ փաթեթ, որը համաֆինանսավորվում է Ավստրիայի Դաշնային ֆինանսների նախարարության և ԿԿՀ-ի կողմից, որն օգնում է ստեղծել և ստուգաճշտել կանաչ ներդրումների հնարավորությունները:
Ամերիաբանկը Հայաստանում առաջատար բանկերից մեկն է և ՎԶԵԲ-ի հետ համագործակցում է 2010թ.-ից՝ տրամադրելով ֆինանսավորում ՓՄՁ-ներին, էներգաարդյունավետության բարձրացման ծրագրերին Կովկասի էներգաարդյունավետության ծրագրի (ԿԷԱԾ) ներքո, կանանց կողմից ղեկավարվող բիզնեսներին ՎԶԵԲ-ի՝ Կանայք բիզնեսում ծրագրի ներքո և տեղացի ձեռներեցներին՝ ՎԶԵԲ-ի Առևտրի խթանման ծրագրի ներքո: Ամերիաբանկը լավ դիրքեր ունի՝ աջակցելու ՓՄՁ-ներին, կորպորացիաներին, տեխնոլոգիաների մատակարարներին, արտադրողներին, վաճառողներին և տեղադրողներին, ովքեր կարող են օգուտներ քաղել կանաչ տեխնոլոգիաներից:
ԿՏՖԾ-ն կնպաստի Հայաստանում կանաչ տնտեսության ստեղծմանը՝ սատարելով կանաչ ֆինանսավորման ընդլայնումը ՎԶԵԲ-ի՝ Անցում դեպի կանաչ տնտեսություն (ԱԿՏ) մոտեցմանը համաձայն: Հնարավոր ներդրումները ներառում են տեխնոլոգիաներ, որոնք նպաստում են էներգիայի և ջրային ռեսուրսների կայուն օգտագործմանը, օրինակ՝ ջերմամեկուսացում, ֆոտովոլտային արևային վահանակներ, գեոթերմիկ պոմպեր, էներգաարդյունավետ կաթսաներ և ջուրը խնայող ոռոգման համակարգեր: Բիզնեսները կարող են պարզել, թե որոնք են Հայաստանում հասանելի տիպիկ կանաչ տեխնոլոգիաները ԿՏՖԾ-ի՝ Տեխնոլոգիայի ընտրիչի միջոցով:
Հայսատանում 1992թ.-ին իր գործունեության մեկնարկից ի վեր, ՎԶԵԲ-ը կատարել է 1.2 միլիարդ եվրո գումարի չափով ներդրումներ 168 ծրագրերում երկրի ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկ ոլորտներում, ընդ որում ներդրումների 88 տոկոսը մասնավոր ոլորտում է:
2006թ.-ից ի վեր, ՎԶԵԲ-ը տրամադրել է ավելի, քան 26 միլիարդ եվրո այն ծրագրերին, որոնք նպաստում են դեպի կանաչ տնտեսություն անցմանը իր գործունեության 38 տնտեսություններում: