Հասարակական

Մաթեմատիկոս Մխիթար Ջրբաշյանի հոբելյանը նշանավորվում է եռօրյա գիտաժողովի անցկացմամբ

3 րոպեի ընթերցում

Մաթեմատիկոս Մխիթար Ջրբաշյանի հոբելյանը նշանավորվում է եռօրյա գիտաժողովի անցկացմամբ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ մեծանուն գիտնական, ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, մաթեմատիկոս Մխիթար Ջրբաշյանի 100-ամյակի կապակցությամբ հոկտեմբերի 22-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց Ջրբաշյանին նվիրված եռօրյա միջազգային գիտաժողովը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը բացման խոսքում ասաց, որ գիտաժողովների միջոցով վերհիշում են հայ երախտավորների անցած ճանապարհը, նրանց դերը գիտության նվաճումների, ձեռքբերումների, մասնագետների պատրաստման գործում:

«Մխիթար Ջրբաշյանը հետաքրքիր մարդ էր, շատ ակտիվ: Նա ակադեմիային է նվիրել իր ամբողջ կյանքը: Դասախոսություններ էր կարդում տարբեր հաստատություններում, բայց միշտ հավատարիմ էր ակադեմիային»,- նշեց Մարտիրոսյանը:

Ակադեմիկոս Անրի Ներսիսյանի խոսքով` Ջրբաշյանը հայտնի էր ոչ միայն Խորհրդային Միությունում, այլև դրա սահմաններից դուրս: «Ես նրա աշակերտն էի: Ջրբաշյանից շատ բան եմ սովորել, մասնավորապես` աշխատաոճը: Նա ուսուցիչ էր, իսկ ուսուցիչներին համեմատում են ծնողների հետ, դա խորը իմաստ ունի: Դժբախտաբար, մենք նրանց ավելի ենք գնահատում, երբ հեռանում են»,- նկատեց Ներսիսյանը:

«Ես երիտասարդ էի, իսկ Ջրբաշյանը ավելի փորձառու էր: Ես Մեխանիկայի ինստիտուտի տնօրենն էի, իսկ նա` Մաթեմատիկայի ինստիտուտի: Ցանկացած հարցով դիմում էինք միմյանց և համագործակցում: Նրա հետ աշխատելը և’ հեշտ էր, և’ դժվար, որովհետև Ջրբաշյանը շատ ուղղամիտ էր և կարող էր շուտ բռնկվել»,- պատմեց ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը:

Նա փաստեց, որ Ջրբաշյանը, մեծ գիտնական լինելուց բացի, նաև ակտիվ քաղաքացի էր և այս կամ այն չափով արձագանքում էր հայ ժողովրդին հուզող բոլոր հարցերին: «Բարի էր, հայրենասեր, նվիրված էր իր աշխատանքին»,- եզրափակեց Աղալովյանը:

Մխիթար Ջրբաշյանը 1936-1941 թվականներին ուսանել էԵՊՀ ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետում։ 1942 թվականից աշխատել էԵրևանի պետական համալսարանում ևՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում:

1945 թվականիննա պաշտպանում է թեկնածուական ատենախոսությունը «Անալիտիկ ֆունկցիաների ներկայացման որոշ հարցեր» թեմայով։ Դա մաթեմատիկայից առաջին թեկնածուական ատենախոսության պաշտպանությունն էր ԵՊՀ-ում։ 1949 թվականին Մոսկվայի պետական համալսարանում պաշտպանում է դոկտորական աշխատանքը։

1953 թվականին Ջրբաշյանն ընտրվում է թղթակից անդամ, 1956 թվականին՝ ՀՀ ԳԱԱ իսկական անդամ։ Եղել է ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ: 1964-1973թթ. զբաղեցրել է ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարի պաշտոնը։

Ջրբաշյանը եղել է «Մաթեմատիկա» ամսագրի գլխավոր խմբագիր դրա կազմավորման օրվանից՝1966 թվականից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում