ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադագասկարի նախագահ Ռիվո Ռակոտովաոն իր խորին շնորհակալությունն է հայտնում Հայաստանում հոյակապ ընդունելություն կազմակերպելու համար:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի բացման արարողության ընթացքում Մադագասկարի նախագահը ողջունեց Հայաստանի մեծ ներդրումը միջոցառման կայացման հարցում:
«Շատ ուրախ եմ, որ գտնվում եմ Հայաստանում: «Ապրել միասին» կարգախոսը ներառում է բոլոր կարևորագույն համամարդկային արժեքները, գաղափարները: Սիրով կուզենայի նշել, որ Մադագասկարը հպարտ է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ լինելով և հպարտ՝ իր դերակատարությունն այս մեծ գործընթացներին մշտապես բերելու համար»,-ընդգծեց նա:
Մադագասկարի սենատի նախագահը մատնանշեց, որ իր երկիրն այսօր առճակատված է բազմաթիվ մարտահրավերների առջև, և նպատակ ունեն Մադագասկարը դարձնել ավելի տեսանելի գագաթնաժողովի համատեքստում:
«Մարդասիրական արժեքների շրջանակում կոչ ենք անում հասարակության համախմբվածության ամրապնդմանը: Ողջում ենք բոլոր այն ղեկավարներին, ովքեր մշակում են կայուն զարգացման , համերաշխության, խաղաղության հաստատման ծրագրեր, ովքեր պայքարում են բռնության և ծայրահեղականության դեմ: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը մեծապես նպաստել է և նպաստելու է այս բոլոր արժեհամակարգերի ամրապնդմանը»,- շեշտեց Մաքսիմը:
Նա խորին ցավակցություն հայտնեց հայ ազգին աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ:
«Մեծ երգահան, ով հավատարիմ մնաց իր ազգի արժեքներին, ում կորուստը տխրեցրեց ամբողջ ֆրանսախոս աշխարհը»,- եզրափակեց Մադագասկարի նախագահը:
Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել Ֆրանկոֆոնիայի անդամ 84 երկրի պատվիրակություն և 38 երկրի ղեկավար:
Այսօրվա նիստի ընթացքում ՖՄԿ նախագահության լիազորությունները Մադագասկարից կփոխանցվեն Հայաստանին: Կհիմնվի համաժողովի բյուրոն: Մասնակիցները կհաստատեն օրակարգի նախագիծն ու կծրագրավորեն աշխատանքները: Նախատեսվում է նաև ֆրանկոֆոնիայի անդամակցության կամ կարգավիճակի փոփոխության մասին հայտերի քննարկում:
Հոկտեմբերի 11-12 Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի օրակարգում Ֆրանկոֆոնիայիմիջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրության հարցն է: Գագաթնաժողովի թեման է «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ուբազմազանությունը՝ իբրև խաղաղության եւ բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»:
Համընդհանուր արժեքների վրա խարսխված այս թեման հնարավորություն կտա արտացոլել Ֆրանկոֆոնիայում խաղաղությունը, համերաշխությունը և զարգացումը։ Որպես Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի լոգո ընտրվել է նուռը՝ ի նշան ֆրանկոֆոն ողջտարածքի խաղաղության և բարգավաճման։