Կարծիքներ

Կարճաժամկետ լուծում, թե քաղաքական իրավիճակի թելադրանք. հրապարակվել է ԸՕ հայեցակարգը

7 րոպեի ընթերցում

Կարճաժամկետ լուծում, թե քաղաքական իրավիճակի թելադրանք. հրապարակվել է ԸՕ հայեցակարգը
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Շուրջ 4-ամսյա աշխատանքներից հետո ՀՀ վարչապետին առընթեր ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի կողմից հրապարակվել է Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հայեցակարգը: Հիշեցնենք, որ ԸՕ քննարկումները սկսվել էին դեռևս 2018 թվականի հունիս ամսից:

Հայեցակարգը կազմվել է ինչպես հանձնաժողովում ընդգրկված փորձագիտական մոտեցումների, այնպես էլ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի և այլ շահագրգիռ կողմերի (ԶԼՄ և ՔՀԿ ներկայացուցիչներ) առաջարկների հիման վրա: Վերջինում ներառվել են ինչպես Վենետիկի հանձնաժողովի, այնպես էլ ԵԱՀԿ/ԺՄՀԻԳ-ի կողմից արված մի շարք հանձնարարականներ:

Հայեցակարգում առաջարկվող ուշագրավ փոփոխություններից ամենաէականը, թերևս, ընտրակարգի փոփոխությունն է: Նոր ԸՕ տարբերակով առաջարկվում է հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից և անցում կատարել պարզ համամասնական (փակ ցուցակներով) ընտրակարգին:

Ուսումնասիրելով 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները, որոնք անցկացվել էին ռեյտինգային ըտնրակարգով` պետք է փաստել, որ այն հետին պլան էր մղել կուսակցությունների գաղափարական մրցակցությունը, ու ընտրական վարքի վրա ազդող գլխավոր գործոն էին դարձել «խնամի-ծանոթ–բարեկամ» սկզբունքի և ընտրակաշառքի մեխանիզմները: Ի դեպ, վերջինիս մասին իրենց զեկույցներում փաստել էին նաև ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:

Առաջարկվող պարզ համամասնական ընտրակարգը, ըստ երևույթին, համարվում է ներկա իրավիճակում լավագույն լուծումներից մեկը, քանի որ միտված է ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը` քաղաքական ուժերի միջև ծրագրային մրցակցությունը խթանելու միջոցով: Այս ընտրակարգով կազմակերպվող ընտրությունները, ի տարբերություն ռեյտինգային ընտրակարգով անցկացվող ընտրությունների, առավել մատչելի են նաև տեխնիկական-կազմակերպչական առումով: Խոսքը վերաբերում է մասնավորապես քաղաքացիների համար ընտրելու գործընթացի առավել պարզեցմանը, քանի որ ընտրողները ստիպված չեն լինի փնտրել իրենց նախընտրելի թեկնածուի համարը քվեաթերթիկում ընդգրկված 100-ից ավել թեկնածուների ցուցակում:

Նոր ԸՕ-ով նախատեսվում է նաև հրաժարվել քվեարկության համար գրիչները օգտագործելուց. առաջարկվում է քվեարկությունը կատարել նախընտրած կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի քվեաթերթիկը ծրարի մեջ դնելով` առանց որևէ նշում կատարելու:

Հաջորդ կարևոր փոփոխությունը, որն առաջարկվում է նոր ԸՕ-ով, վերաբերում է ընտրական շեմերին. առաջարկվում է կուսակցությունների համար նախկինում սահմանված 5 տոկոսի փոխարեն նախատեսել 4 տոկոս, իսկ կուսակցությունների դաշինքների համար` նախկին 7 տոկոսի փոխարեն 6 տոկոս արգելապատնեշը: Այս փոփոխության շնորհիվ ԱԺ անցնելու հնարավորություն կունենան ավելի շատ կուսակցություններ, ինչն էլ իր հերթին կապահովի բազմակարծության ինստիտուտի զարգացումը, և տարբեր սոցիալական խմբերի ներկայացուցիչներ հնարավորություն կունենան ներկայացված լինել երկրի օրենսդիր մարմնում: Բացի այդ, նախատեսվում է նաև անկախ հավաքած քվեներից 4 քաղաքական ուժի` ԱԺ-ում մանդատների բաշխմանը մասնակցելու մեխանիզմը:

Կանանց, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների ներկայացավածությունն Աժ-ում առավելագույնս ապահովելու նպատակով նոր Ը Օ-ով նախատեսվում են ներդնել լրացուցիչ քվոտաներ: Օրինակ, յուրաքանչյուր ընտրական ցուցակի առաջին մասում 1-ին համարից սկսած` ցանկացած ամբողջ եռյակներում (1-3, 1-6, 1-9) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 70 տոկոսը: Բացի այդ, նախատեսվում է նաև կարգավորել առանձին խմբակցություններում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների համամասնությունը` սահմանելով առնվազն 30 տոկոս:

Ընտրական օրենսգրքի փոփոխությունները չեն շրջանցելու նաև ՏԻՄ ընտրությունները: Նոր օրենսգրքով առաջարկվում է հրաժարվել Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանու ընտրություններում կիրառվող բոնուսային համակարգից, ավագանու կազմում կանանց ներկայացվածությունը սահմանել 30 տոկոս, ինչպես նաև նվազեցնել ավագանիների անցողիկ շեմը. նախատեսվում է կուսակցությունների համար սահմանել 4 տոկոս նախկին 6 տոկոսի փոխարեն, իսկ կուսակցությունների դաշինքների համար 6 տոկոս` նախկին 8 տոկոսի փոխարեն:

Բացի վերոնշյալ հիմնական փոփոխություններից` նոր ԸՕ-ով նախատեսվում են նաև հետևյալ դրույթները.

  • նախընտրական բանավեճերի կարգավորման օրենսդրական ամրագրում,
  • կոալիցիաներ կազմելու սահմանափակումների վերացում և դրա համար նախատեսված ժամանակահատվածի ավելացում,
  • նախընտրական քարոզչության հետ կապված հիմնադրամից կատարվող ծախսերի ցանկի ընդլայնում,
  • ընտրագրավի չափի նվազեցում` նախկին 10 մլն դրամի փոխարեն սահմանելով 7,5 մլն դրամ,
  • ընտրակաշառք տալու և ստանալու համար քրեական պատասխանատվության խստացում,
  • ընտրությունների ընթացքում բարեգործության արգելքի խախտման և թեկնածուների կամ կուսակցությունների կողմից ընտրողներին դրամ, սննդամթերք տալու և այլ շահադիտական ծառայությունների մատուցման քրեականացում:

Այսպիսով, ԸՕ հայեցակարգն ու նախագիծը արդեն հրապարակված են, և ենթադրվում է, որ մոտ օրերս նախագիծը կներկայացվի Ազգային ժողով` քննարկման: Բացի այդ, ԸՕ նախագծի անգլերեն տարբերակն արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ` տեղում օրենսգրքի բովանդակությանը ծանոթանալու և դրա վերաբերյալ եզրակացություններ տալու նպատակով:

Պետք է փաստել, որ քննարկումների ժամանակ եղել են նաև մի շարք առաջարկներ, որոնք դուրս են մնացել ԸՕ առաջարկվող տարբերակից` ժամանակային առումով դրանց իրականացվելիության անհնարինության, ինչպես նաև Սահմանադրության հետ որոշակի հակասություններ ունենալու պատճառով: Առաջարկվող փոփոխությունները հիմնականում միտված են առկա քաղաքական մարտահրավերներին կարճաժամկետ լուծումներ տալուն և հետագայում ենթակա են վերամշակման:

Մովսես Հարությունյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում