Արցախ

Ռուս հայտնի գործիչները խաղաղության կոչ արեցին ԼՂ հակամարտության կողմերին

4 րոպեի ընթերցում

Ռուս հայտնի գործիչները խաղաղության կոչ արեցին ԼՂ հակամարտության կողմերին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանից ժամանած հայտնի քաղաքական, մշակութային հասարակական գործիչներ «Կանայք հանուն խաղաղության» արշավի շրջանակներում եղան ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում` խաղաղության կոչ հղելով հակամարտության կողմերին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նրանց ուղեկցում էին վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանի և պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի տիկինը։

«Կանանց երկխոսություն» կուսակցության ղեկավարԵլենա Սեմերիկովան, ով 2017 թվականին առաջադրել էր նաև իր թեկնածությունը ՌԴ նախագահի ընտրություններում, արցունքն աչքերին հիշում էր, որ արցախյան պատերազմի տարիներն ինքն իր վրա է զգացել: «Ինձ համար հիմա շատ դժվար է խոսել: Երբ մենք հասնում էինք սահմանագիծ պատերազմի ճանապարհներով, մեզանից յուրաքանչյուրը յուրովի ապրումներ ունեցավ: Իրոք մենք պետք է ներդնենք մեր ջանքերը փրկելու համար գոնե մեկ մարդկային կյանք: Ես ազգությամբ ռուս եմ, վերապրել եմ այս հակամարտությունը ընտանիքիս հետ միասին»,-նշեց նա:

Սեմերիկովան նշեց, որ իր պարտքն է համարում որպես մայր, որպես կին միանալ «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությանը:

«Մենք այսօր պետք է պահպանենք յուրաքանչյուր կյանք: Ես համոզված եմ, որ այս միջազգային շարժումը կընդլայնվի տարբեր երկրների կանանց ներդրած ուժի միջոցով»,-ասաց նա:

Ռուս հայտնի գրող Լյուդմիլա Ուլիցկայան սահմանագիծ էր բերել զինվորներին բաժանելու իր գրքերը: «Մեզանից յուրաքանչյուրը պետք է պայքարի մեր մեջ եղած ատելության դեմ, քանի որ այս իրավիճակը անելանելի և անդառնալի է: Պետք է հոգու խորքում գտնել բավարար սեր`այս ամենը վերականգնելու համար»,-ասաց նա:

«Որբ երեխաներին աջակցող կամավորներ» բարեգործական ֆոնդի նախագահ Ելենա Ալշանսկայան համոզված է, որ անհրաժեշտ է անել ամեն ինչ՝ արմատախիլ անելու տասնամյակներով ձևավորված ատելությունը: «Մեզ ուղղակի այս երկիր մոլորակի վրա անհրաժեշտ է ապրել, գտնել երկրորդ կեսին, երեխաներ ունենալ և բոլորին պետք է տալ հնարավորություն ապրելու այդ կյանքը»,-նշեց նա:

Պետդումայի պատգամավոր Սվետլանա Ժուրովան առաջնագծից հորդորեց կողմերին խաղաղություն հաստատելու փորձեր անել: «Մեզ համար շատ վիրավորական կլինի, որ այն կանանց նկատմամբ, ովքեր հիմա այստեղ են, հետագայում սանկցիաներ կիրառվեն: Մենք ուզում ենք նույն կոչն անել նաև սահմանի այն կողմից»,-ասաց նա:

Աննա Հակոբյանը «Կանայք հանուն խաղաղության» արշավ ձեռնարկելու իր նախաձեռնության մասին առաջին անգամ հայտարարել է հուլիսի 24-ին՝ Մոսկվայում: Ավելի վաղ «Կանայք հանուն խաղաղության» արշավի մասին խոսելով Հակոբյանն ասել էր. «Ես հույս ունեմ, որ ձեր ձայնը և մեր ձայնը կհասնի նաև ադրբեջանցի մայրերին, և նրանք նույնպես կխոսեն ընդդեմ պատերազմի և հանուն խաղաղության: Եվ եթե դա տեղի ունենա, մեր շարքերը համալրվեն, մի օր անպայման մեր խոսքը կհասնի նաև կրակի հրաման տվող և պատերազմ սկսել-չսկսելու մասին որոշում կայացնող տղամարդկանց»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում