Ադրբեջանում կազմակերպված ձևով իրականացվում է հայատյացության քաղաքականություն. Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է հատուկ զեկույց

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության ՄԻՊ գրասենյակը ներկայացրել է «Հայատյացությունն Ադրբեջանում. կազմակերպված ատելության խոսքն ու թշնամությունն ընդդեմ հայերի» հատուկ զեկույցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ Արցախում հրավիրված ասուլիսում Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը նշեց, որ զեկույցը համապարփակ ներկայացնում է դեպքերը, օրինակները՝ կապված հայատյացության հետ:

«Այս զեկույցը յուրահատուկ է նրանով, որ այստեղ հայատյացության օրինակները ներկայացվում են իրավական համատեքստում: Սա բացառապես մարդու իրավունքներին վերաբերող խնդիր է, մենք իրավական գնահատականներ ենք ներկայացրել՝ անդրադառնալով հարցերին միջազգային իրավունքի, կոնվենցիաների, նախադեպերի տեսանկյունից: Մեր գլխավոր նպատակը միջազգային հանրությանը Ադրբեջանում հայատյացության խնդիրները ներկայացնելն է»,-ասաց Ռուբեն Մելիքյանը: Արցախի ՄԻՊ-ը նշեց, որ այս գործընթացում պետք է ներգրավել քաղաքացիական հասարակության ինստիտուտներին, որպեսզի բավական լավ տեղեկացված լինեն խնդրից, իսկ դրա համար անհրաժեշտ է ճշգրիտ տեղեկատվություն:

Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը նշեց, որ փաստերը վկայում են՝ Ադրբեջանում հայատյացությունը կազմակերպված է, այն մեկօրյա, մեկամսյա դրսևորում չի ունենանում, այլ շարունակական է:

«Լինում են շրջաններ, որ այդ խնդիրը սրվում է, լինում է, որ նվազում է, սակայն այն մնայուն կերպով կազմակերպված իրականացվում է: Պետք է շարունակել նման ուսումնասիրությունները, հետևել և բացահայտել հայատյաց քարոզչության աղբյուրները: Այսպիսի ուսումնասիրությունները չպետք է լինեն ներքին սպառման համար: Մեր ազգը զգացել է հալածանք, կոտորած, ցեղասպանություն, դա մեզ համար նորություն չէ: Պետք է այնպես կազմակերպել գործընթացը, որ միջազգային կազմակերպությունները տեղեկանան այն իրադարձություններին, որոնք տեղի են ունենում Ադրբեջանում»,-ասաց Րաֆֆի Դուդակլյանը:

Ադրբեջանական հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան նշեց, որ Ադրբեջանը անկախացումից հետո որդեգրեց հայատյացությունը որպես պաշտոնական քաղաքականություն:

«Առաջին դեմքի ամեն երկրորդ ելույթում տեսնում ենք հայատյացության դրսևորում, հայերը ադրբեջանցիների համար մեկ թշնամին են: Հասարակությունն էլ այդ թեզերն ընդունում է: Նախարարների, պատգամավորների մակարդակով նույն հայատյացության թեզերը հետևողաբար հասցվում է հասարակությանը: Նույնն անում է փորձագիտական հանրությունը: Նույնիսկ մանկական խաղերի, հեքիաթների, դասագրքերի միջոցով երեխաներին սովորեցնում են ատել հայերին: Ի դեպ, դա անում են ապատեղեկատվության միջոցով»,-ասաց Անժելա Էլիբեգովան:

Փորձագետի խոսքով, այսօր Ադրբեջանը խնդրի լուծում չի պատրաստվում տալ: Նրա խոսքով, նույնիսկ եթե Ադրբեջանի իշխանությունը սկսի փոխել քաղաքականությունը, մաքրի գրքերը, մամուլը, ապա պետք է մեկ, երկու սերունդ անցնի, որ թունավորված գիտակցությունը մարդկանցից դուրս գա: Փորձագետն այսօր նման միտումներ չի տեսնում:

«Ադրբեջան չեն թողնում մարդկանց, ովքեր ունեն հայկական ազգանուններ, հետապնդում են նրանց, ովքեր ունեն հայկական արյուն: Երկրում ցանկացած բացասական երևույթ կապվում է հայերի հետ: Այս ամենը կարելի է տեսնել բացելով ցանկացած ադրբեջանական կայք»,-հավելեց Անժելա Էլիբեգովան:

Հայերեն English Русский

Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է

Այս հաղթանակը մեզ համար շատ արժեքավոր է. Մանուել Տուլիպա

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում է

Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին անվերապահ է, լիակատար և մշտական․ Երևանում մեծ հանդիսավորությամբ նշվեց Բաստիլի գրավման օրը

Թրամփը պատմել է Հորմուզի նեղուցով անցնելու համար վճար սահմանելու որոշումից հրաժարվելու պատճառի մասին

Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը

Փրկարարները զարգացնում են իրենց մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Կինոն բռնեց իմ ձեռքն ու կյանքիս ընկերը դարձավ. «Ոսկե ծիրան»-ի շրջանակում կինոռեժիսոր Մարկ Քազընսը հանդիպեց երկրպագուների հետ

ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ