Հասարակական

Բժշկական համալսարանը դիմավորեց առաջին կուրսեցիներին

3 րոպեի ընթերցում

Բժշկական համալսարանը դիմավորեց առաջին կուրսեցիներին

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան այս տարի ընդունվել է 421 առաջին կուրսեցի: Համալսարանում ձևավորված ավանդույթի համաձայն ապագա բժիշկներին սեպտեմբերի 1-ին դիմավորեցին ԵՊԲՀ ղեկավարությունը և ֆակուլտետների դեկանները:

Ընդհանուր բժշկության, Ստոմատոլոգիական, Դեղագիտության և Ռազմաբժշկության ֆակուլտետներ, ինչպես նաև ԵՊԲՀ քոլեջ ընդունված առաջին կուրսեցիներին և նրանց ծնողներին 2018-2019 ուսումնական տարվա առթիվ շնորհավորեց նաև ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը: Նա հերթով այցելեց տարբեր լսարաններում անցկացվող հանդիպումներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Արմեն Մուրադյանի խոսքով՝ օրը հիշարժան է, քանի որ 100-ամյա պատմություն ունեցող բուհը նոր ուսանողներ է ընդունում, որոնք ևս պետք է ոչ միայն պատիվ բերեն համալսարանին, այլև փրկեն այն մարդկանց կյանքը, ովքեր դիմելու են իրենց առաջիկայում:

Բժշկական համալսարանի 8000 շրջանավարտ այսօր մասնագիտական հաջողված գործունեություն է իրականացնում աշխարհի 40 երկրի լավագույն առողջապահական կազմակերպություններում, ինչը վկայում է այն մասին, որ ԵՊԲՀ-ում ստացած կրթությունը մրցունակ է:

«Ուսանողը մեզ համար առանցքային նշանակություն ունի, սակայն այն ուսանողը, որը պրպտում է, անգամ եթե որևէ բան չի ստացվում աշխատում է իր սխալների վրա և դրսևորում է տոկունություն»,- ասաց բուհի ղեկավարը՝ անդրադառնալով նաև այն ուսանողակենտրոն կառույցներին, որոնք միտված են սովորողների իրավունքների և պարտականությունների սահմանմանը, ուսումնական գործընթացում առաջացող խնդիրների վերհանմանն ու լուծմանը:

Նա խոսեց նաև բժշկության ոլորտում մարդկային շփման, բժիշկ-հիվանդ փոխհարաբերությունների դերի մասին, որոնց չեն կարող փոխարինել նորագույն տեխնոլոգիաները: Տեխնոլոգիաների կիրառումը նպաստում է բժշկության առաջընթացին, բայց չի կարող լրացնել շփման բացը:

Ռեկտորն ընդգծեց, որ բուհը որդեգրել է միջազգայնացման ճանապարհը և այս ուղղությամբ մի շարք աշխատանքներ է իրականացնում: Կարճ ժամանակ անց այսօր առաջին անգամ բժշկական բուհ ոտք դրած ուսանողները ևս ակտիվ մասնակցություն են ունենալու համալսարանում տեղի ունեցող բոլոր գործընացներին:

Ռազմաբժշկության ֆակուլտետում առաջին կուրսեցիներին ողջունելիս՝ Արմեն Մուրադյանը նշեց, որ տասնամյակներ շարունակ այս ֆակուլտետի շրջանավարտներին հաջողվել է ոչ միայն բուժել, այլև պաշտպանել:

Ամփոփելով հանդիպումների շարքը և շնորհավորելով առաջին կուրսեցիներին Գիտելիքի օրվա առթիվ ռեկտորը կարևորեց աշխատասիրության, պատասխանատվության, նախաձեռնողականության դրսևորումը, ինչպես նաև ուսուցիչների, ավագ գործընկերների նկատմամբ խորը հարգանքի առկայությունը:

Ֆակուլտետների դեկաններն առաջին կուրսեցիներին ներկայացրին ուսումնական գործընթացին վերաբերող մանրամասները, դասավանդվող առարկաների ցանկը, խոսեցին նաև քննությունների անցկացման, ինչպես նաև այլ ընթացիկ հարցերի մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում