Տնտեսություն

Գյուղացիական հողերի միացման դեպքում նախարարություն տնտեսություններն ապահովելու է ոռոգման կաթիլային ցանցով

2 րոպեի ընթերցում

Գյուղացիական հողերի միացման դեպքում նախարարություն տնտեսություններն ապահովելու է ոռոգման կաթիլային ցանցով

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարարության առաջնահերթություններից է հողերի մեծացումն ու կոոպերացիայի խթանումը՝ ընդհանուր հողակտորի արդյունավետության բարձրացման նպատակով: Նախատեսվող ծրագրով հողերի միացման դեպքում նախարարությունը տնտեսությունները կապահովի ոռոգման կաթիլային ցանցով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պաշտոնավարման 100 օրն ամփոփելով՝ այս մասին ասաց նախարար Արթուր Խաչատրյանը:

«Շուտով սկսելու ենք նոր ծրագիր՝ կապված ոռոգելի գյուղատնտեսության հետ: Եթե հողերը միացնեն, ապա մենք կապահովենք ոռոգման կաթիլային ցանցով: Դրանց գրավչությունը միայն այն չէ, որ օգտագործվող ջրի ծավալը կպակասի, այլ նաև կավելանա բերքատվությունը, կբարձրանա բերքի որակը, ջուրը կհասնի բույսին, ոչ թե մոլախոտին: Խոշորացումը հնարավորություն կտա վերականգնել ցանքաշրջանառությունը»,-ասաց նախարարը:

Նրա հավաստմամբ՝ այսօր Հայաստանում միջին հողատարածքը, ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության տվյալներով, 1.42 հեկտար չափս ունի: Կողք կողքի գտնվող փոքր հողատարածքներում աճեցնում են տարբեր մշակաբույսեր, օրինակ՝ մի տեղ ցորեն է, մյուսում՝ վարունգ, երրորդում՝ ծիրան, խաղող: Մեծ հողակտորի արդյունավետությունը դրանով էականորեն նվազում է: Այդ դեպքում ոռոգման հարցում են նաև խնդիրներ առաջանում, տարբեր են լինում ոռոգման և գյուղտեխնիկայի պահանջները: Արդյունքում նախարարության համար շատ կարևոր է հողերի խոշորացումը` պահպանելով սեփականության իրավունքը: Անհրաժեշտ է, որ հողատերերը միավորեն իրենց հողերը, որպեսզի բարձրանա ընդհանուր հողակտորի արդյունավետությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում