Քաղաքական հեղափոխությանը հաջորդելու է տնտեսական հեղափոխությունը. ՀՀ վարչապետ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության օրերին երկրից դուրս հանված գումարների համեմատ վերջին երեք ամսում Հայաստան է տեղափոխվել 116 մլրդ դրամով ավելի գումար: Այդ մասին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հեղափոխության օրերին շատ էր խոսվում, որ հարյուրավոր միլիոնավոր դոլարներ Հայաստանից արտահոսում են և դա համապատասխանում էր իրականությանը: Բայց այսօր միանշանակ պաշտոնապես ասում եմ, որ դուրս գնացած գումարների համեմատ եկել է մոտ 116 մլրդ դրամով ավելի շատ գումար: Իսկ Հայաստանի բանկերում ավանդներն ավելացել են 116 մլրդ դրամով, մոտ 250 մլն դոլարով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա տվյալներով՝ վերջին երեք ամսում հայաստանյան բանկերի վարկային պորտֆելն աճել է 99 մլրդ դրամով: «Այսինքն, այդքան ավելի վարկ են վերցրել ՀՀ քաղաքացիները և ներդրել բիզնեսի մեջ: 2018-ի օգոստոսի մեկի դրությամբ՝ Հայաստանից արտահանվել է այնքան միրգ և բանջարեղեն, որքան նախորդ տարին ամբողջը միասին վերցրած, և, ուզում եմ ձեզ զեկուցել, որ երեք ամսվա ընթացքում ՀՀ կառավարությունը, հարկային մարմինները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի են հավաքագրել 28,8 մլրդ դրամ, ընդ որում, գերավճարների թիվը պակասեցվել է»,- ընդգծեց վարչապետը:

Ըստ նրա, այս թվերը միասին մի բան են նշանակում. Հայաստանում հեղափոխության քաղաքական հաղթանակից հետո մոտենում է տնտեսական հաղթանակների ժամանակաշրջանը: «Հավաստիացնում եմ, որ տնտեսությունում մենք իսկապես լրջագույն հաջողություններ ենք ունենալու: Տնտեսական աճի այս մոդելը մեզ ձեռնտու չէ, ուզում ենք, որ այն փոխվի, որովհետև հասկանում ենք, որ դեռևս շարունակում ենք մնալ հին մոդելի մեջ, երբ քաղաքացիները տնտեսական աճը չեն զգում: Մենք հենց դա ենք փոխելու Հայաստանում: Դրան փոխարինելու ենք ներառող տնտեսական համակարգով. սա նշանակում է, որ ՀՀ բոլոր քաղաքացիներն ունենալու են տնտեսական գործունեությամբ զբաղվելու միևնույն հնարավորությունները: 2017-ի աշնանն, ընդդիմադիր լինելով, հայտարարեցի, որ շաքարավազի և բանանի մենաշնորհը վերացնելու համար հարկավոր է 40 րոպե: Վարչապետ դառնալուց հետո 40 րոպեի ընթացքում վերացրել եմ բանանի և շաքարավազի մենաշնորհը: Այսօր կա միայն իշխանության մենաշնորհ, որի տերը ՀՀ քաղաքացիներն են»,- շեշտեց վարչապետը:

Նրա խոսքով՝ կառավարությունը տնտեսությունը զարգացնելու է այն նույն մոդելով, որով իրականացվել է թավշյա ոչ բռնի հեղափոխությունը: «Ինչո՞ւ երկար տարիներ Հայաստանում հեղափոխություն տեղի չէր ունենում, որովհետև բոլորս մտածում էինք, որ ընդդիմադիր առաջնորդները պետք է անեն այդ հեղափոխությունը, բայց մեր հեղափոխությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ բոլորդ հասկացաք, որ ոչ միայն լիդերները, այլ բոլորս պետք է անենք հեղափոխությունը, և դա տեղի ունեցավ: Մենք վերացրել ենք ՀՀ-ում տնտեսական մենաշնորհները, ձեզնից յուրաքանչյուրն ազատ է աշխատել, ներդրումներ անել, ստեղծագործել, իր հայրենիքը ծաղկեցնել և ՀՀ-ում քաղաքական հեղափոխության նման իրականացնել տնտեսական հեղափոխություն: Կառավարությունն ամեն ինչ անելու է, որ դուք այս հնարավորությունը ոչ միայն ունենաք, այլև կարողանաք կիրառել կյանքում: Քաղաքական հեղափոխությանը գալիս է հաջորդելու տնտեսական հեղափոխությունը, որում դուք պետք է նորից հաղթեք»,- ընդգծեց վարչապետը:

Հայերեն English

Պեսկովը հույս է հայտնել, որ Հայաստանը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրություն կանի ԵԱՏՄ-ի օգտին

Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար

Գեղարքունիքում հավաստագրված սերմերով կատարված աշնանացանի դիմաց պետության կողմից կտրվի 672 միլիոն դրամի փոխհատուցում

Այս տարի ոռոգման նպատակով Սևանից ավելի քիչ ջուր բաց կթողնվի

Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին

ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել

Ո՞րն է վերջին օրերին գրանցված խոշոր տրամաչափի կարկուտի պատճառը. մանրամասնում է Գագիկ Սուրենյանը

Մեր ժողովրդի համար խորհրդանշական ուղերձ պարունակող կերպարը չի կարող «թափառել» մի տեղից մյուսը. ԿԳՄՍ նախարարը՝ Վահագն Վիշապաքաղ հուշարձանի մասին

Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին

Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր