Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը հրավիրում է հանրահավաքի՝ ամփոփելու իր պաշտոնավորման 100 օրը

2 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը հրավիրում է հանրահավաքի՝ ամփոփելու իր պաշտոնավորման 100 օրը

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 17-ին՝ ժամը 18:30-ին հրավիրում է Հանրապետության հրապարակ հանրահավաքի՝ ներկայացնելու իր 100-օրյա պաշտոնավարման արդյունքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վարչապետը հայտարարեց ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման միջոցով:

«Շուտով լրանում է իմ՝ վարչապետ ընտրվելու 100 օրը, և ես առաջարկում եմ, որ մենք օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում՝ մեր ավանդական դարձած հանդիպման վայրում, մեծ հանրահավաք հրավիրենք: Դուք չգիտեմ ինչպես, բայց ես ձեզ շատ եմ կարոտել: Ես ուզում եմ, որ մենք նորից շփվելու հնարավորություն ունենանք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ սպասվում է չափազանց կարևոր իրադարձություն, որին յուրաքանչյուրի մասնակցությունը անհրաժեշտ է: Տեղի է ունենալու կարևոր խոսակցություն այն մասին, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում նրա պաշտոնավարման 100 օրվա ընթացքում, կառավարությունն ինչ քայլեր է ձեռնարկել և ձեռնարկելու թռիչքաձև զարգացում ապահովելու համար:

«Պետք է խոսենք այն մասին, թե ինչ հնարավորություններ ու մարտահրավերներ կան, ինչպես ենք մենք կարողանալու դրանց հետ աշխատել. հնարավորությունները՝ օգտագործել, մարտահրավերները՝ կառավարել: Շատ կարևոր հանդիպում է՝ ապագայի կայուն հիմքերը դնելու և գործնականում Հայաստանի զարգացման մեկնարկը տալու առումով: Նաև խոսելու ենք այն խնդիրների մասին, որոնց այս ընթացքում բախվել ենք և որոնց կառավարմամբ ու լուծմամբ զբաղված ենք»,-եզրափակեց վարչապետ Փաշինյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում