Հասարակական

Իտալիայի նախագահը Ծիծեռնակաբերդում հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

2 րոպեի ընթերցում

Իտալիայի նախագահը Ծիծեռնակաբերդում հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ այցելեց Ծիծեռնակաբերդ հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով անմար կրակի մոտ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իտալիայի Հանրապետության նախագահը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին կից գտնվող հիշատակի պուրակում նաև ծառ տնկեց՝ նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Իտալիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց ի վեր սա Իտալիայի բարձրաստիճան պատվիրակության երրորդ այցն է Հայաստան: Առաջինը կայացել է 2012-ի հոկտեմբերին, երբ Հայաստան է ժամանել պաշտպանության նախարար Ջամպաոլո Դի Պաոլան, երկրորդը՝ 2016 թվականին՝ արտաքին գործերի նախարար Պաոլո Ջենտիլիոնի մակարդակով։

2018 թվականի վեց ամիսներին երկկողմ առևտրաշրջանառությունը կազմել է 70.8 միլիոն դոլար, ինչը 42.6 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: 2017-ի ընթացքում Հայաստանի և Իտալիայի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 200.7 միլիոն դոլար, որը 25 տոկոսով գերազանցել է 2016-ի ցուցանիշը: Նախորդ տարի Իտալիայի մասնաբաժինը Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության մեջ 3.1 տոկոս է եղել: 2017-ին Հայաստանից Իտալիա արտահանվել է 37.4 միլիոն դոլարի ապրանք, աճը կազմել է 17.4 տոկոս

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում