Ադրբեջանի կողմից Ժնևի կոնվենցիայի խախտման հերթական դրսևորումը․ քաղաքագետի դիտարկումը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի կողմից շուրջ երկու շաբաթ առաջ գերեվարված Հայաստանի քաղաքացի, սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում է մնալ անորոշ: Գերեվարման օրվանից ադրբեջանական կողմն ամեն կերպ փորձում է Կ. Ղազարյանին ներկայացնել որպես հայ «դիվերսանտ»: Հայկական կողմը հերքելով այդ ապատեղեկատվությունը՝ հիմնավոր փաստեր է ներկայացրել, որ Կ. Ղազարյանը Բերդավան գյուղի բնակիչ է, և նա չի ծառայում և երբեք չի ծառայել ՀՀ ԶՈւ-երում: Ավելին՝ գերեվարված քաղաքացին ունի առողջական խնդիրներ և 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում: Բոլոր այս փաստերը ներկայացվել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ինչպես նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներին:

Կարեն Ղազարյանի գերեվարման դեպքի հետ կապված բավական մտահոգիչ է այն հանգամանքը, որ ադրբեջանական իշխանություններն արդեն շուրջ երկու շաբաթ խոչընդոտում են Կարմիր Խաչի ներկայացուցիչների այցերը նրան, ինչն, ըստ էության, միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է: Ըստ 1949 Ժնևի կոնվենցիայի 106-րդ հոդվածի՝ պատերազմի ժամանակ «ներկալված քաղաքացիական անձը ձերբակալման պահից ոչ ուշ, քան մեկ շաբաթ անց պետք է հնարավորություն ստանա տեղեկացնել ընտանիքին իր ներկալման, առողջական վիճակի մասին: Տեղեկությունը պետք է ուղարկվի որքան հնարավոր է արագ, և դրանց տրամադրումը չի կարող ուշացվել որևէ ձևով: Կարեն Ղազարյանի դեպքում գերեվարումից անցել է շուրջ երկու շաբաթ, սակայն ադրբեջանական իշխանությունները չեն ապահովում որևէ տեղեկություն ո՛չ նրա գտնվելու վայրի, ո՛չ առողջական վիճակի մասին:

Եթե Բաքուն չի կատարում Ժնևի կոնվենցիայի վերոնշյալ դրույթը՝ ելնելով Կարեն Ղազարյանի «դիվերսանտ» լինելու կեղծ թեզից, ապա անգամ ռազմագերիների համար նույն Ժնևի կոնվենցիան ունի սահմանված որոշակի ընթացակարգեր, որոնք ևս չեն պահպանվել: Մասնավորապես, Ժնևի կոնվենցիայի 70-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ռազմագերի, գերության վերցնելու պահից կամ ճամբար հասնելուց հետո ամենաուշը մեկ շաբաթ անց, պետք է հնարավորություն ստանա իր ընտանիքին և տեղեկություն հաղորդել իրեն գերի վերցնելու և իր առողջական վիճակի:

Ըստ էության, Կարեն Ղազարյանի շուրջ ստեղծված իրավիճակը Ադրբեջանի կողմից Ժնևի կոնվենցիայի կոպտագույն խախտման հերթական դրսևորումն է, ինչը պետք է արժանանա նաև համարժեք գնահատականի թե՛ ՄԽ համանախագահների, թե՛ միջազգային իրավապաշտպան կառույցների կողմից: Հատկանշական է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արդեն դիմել է մարդու իրավունքների ոլորտի միջազգային կազմակերպություններին ու միջազգային իրավապաշտպան կառույցներին՝ աջակցություն խնդրելով Կարեն Ղազարյանի ֆիզիկական անվտանգության ու նրա գտնվելու մասին տեղեկություններ ձեռք բերելու, նրա վերադարձն ապահովելու հարցում:

Միջազգային հանրության անտարբերությունը և ոչ համարժեք արձագանքը, ցավոք, կարող է հանգեցնել հերթական ողբերգությանն, ինչի նախադեպերը քիչ չեն: Բավարար է թերևս հիշել գերության մեջ Ադրբեջանի կողմից կտտանքների ենթարկված ու սպանված Մանվել Սարիբեկյանին, առանձնակի դաժանությամբ ու վայրագությամբ սպանված Կարեն Պետրոսյանին, գերությունից վերադառնալուց հետո մահացած 77-ամյա Մամիկոն Խոջոյանին, վերջինիս բարեկամ Արսեն Խոջոյանին, ով վերադարձել է ակնհայտ խնդիրներով, ինչպես նաև այլ տուժածների: Բոլոր այս մարդիկ դարձել են ադրբեջանական իշխանությունների կողմից որդեգրած հայատյաց քաղաքականության, ինչպես նաև միջազգային հանրության անտարբերության զոհ:

Նարեկ Մինասյան

քաղաքագետ

Հայերեն Русский

ԱՄՆ-ն աշխատում է Իսրայելի, Թուրքիայի և Սիրիայի միջև հակամարտությունների կարգավորման մեխանիզմ ստեղծելու ուղղությամբ

Սևանի երաժշտական դպրոցը հյուրընկալել է ճապոնացի դաշնակահար Սակուրա Նիշիոկային

ԵՊՀ ամբիոնի վարիչը քաղաքացու՝ համալսարան ընդունվելու գործընթացն անխոչընդոտ իրականացնելու համար պահանջել է խոշոր չափերի կաշառք

Ճամբարակում ավտոճանապարհի սողանքային տեղամասերում իրականացվել են ճանապարհամերձ հողաշերտի բեռնաթափման, ճանապարհի անցանելիության ապահովման միջոցառումներ

Արարատի քրեական ոստիկանները բացահայտել են 18-ամյա աղջկա առևանգման դեպքը․ մեկ անձ ձերբակալվել է

ԱՄԷ-ն անորոշ ժամկետով դադարեցրել է առևտուրն Իրանի հետ

Վենեսուելայում արդյունահանվող նավթի կեսն արտահանվում է ԱՄՆ. էներգետիկայի փոխնախարար

Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում

Ռուբիոն ԱՄԷ պաշտոնակցի հետ քննարկել է Իրանի և Հորմուզի նեղուցում նավագնացության ազատության հարցերը

Իսրայելը հայտարարել է, որ Սիրիան թուրքական զորքերին թույլ է տվել տեղակայվել Հալեպի մոտ գտնվող ավիաբազայում