Տնտեսություն

Հարկային օրենսդրության կատարելագործումը ՊԵԿ-ի դիտակետում է. Դավիթ Անանյանը հարկային խորհրդի նիստ է գումարել

2 րոպեի ընթերցում

Հարկային օրենսդրության կատարելագործումը ՊԵԿ-ի դիտակետում է. Դավիթ Անանյանը հարկային խորհրդի նիստ է գումարել

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեում հուլիսի 27-ին տեղի է ունեցել հարկային խորհրդի նիստ՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցել են նաև ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, ՊԵԿ նախագահի տեղակալները և խորհրդի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպմանը ՊԵԿ նախագահը, կարևորելով խորհրդի աշխատանքներն՝ ուղղված բիզնես միջավայրի բարելավմանն ու հարկային օրենսդրության կատարելագործմանն, առաջարկել է այս ուղղությամբ շարունակել փոփոխությունները: Դավիթ Անանյանն ընդգծել է, որ պետք է էլ ավելի արդյունավետ դարձնել համագործակցությունը պետական և մասնավոր հատվածների միջև:

Սեպտեմբերին Կառավարությունում պետք է քննարկվի հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը: Աշխատանքները ժամանակացույցով ավարտին հասցնելու նպատակով՝ հանդիպման ընթացքում որոշվել է, որ այս կազմով խորհրդի նիստերը տեղի կունենան ըստ անհրաժեշտության՝ ակտիվ ռեժիմի ձևաչափով: «ՊԵԿ-ը հարկ վճարողների հետ անմիջական շփումների արդյունքում, ըստ էության, գույքագրում է ոլորտի խնդիրները, որոնք տարանջատում ենք երկու մասի՝ հարկային վարչարարության, որոնք ՊԵԿ-ի կարգավորման տիրույթում են և քաղաքականությանն առնչվող, որոնք ՀՀ ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ ենթադրում են համապատասխան օրենսդրական փոփոխություններ»,- նշել է ՊԵԿ նախագահը:

Հանդիպման մասնակիցները հույս են հայտնել, որ համագործակցության այս ձևաչափով հնարավոր կլինի կառուցողական քայլերով էական փոփոխություններ արձանագրել օրենսդրության և վարչարարության բարելավման գործընթացներում:

Նիստի ընթացքում հարկային խորհրդի նախագահի գործառույթները ՊԵԿ նախագահը առաջարկել է փոխանցել «Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ-ի ղեկավար Փայլակ Թադևոսյանին՝ ինչը մեծ ոգևորությամբ ընդունվել է խորհրդի անդամների կողմից:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում