Ինչ նպատակ էր հետապնդում փոխվարչապետ Միրզոյանի այցն ԱՄՆ. փորձագետի կարծիքը

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ դարձավ քննարկումների առարկա: Փորձենք ամփոփել Միրզոյանի՝ փոխվարչապետի պաշտոնում ԱՄՆ առաջին այցի հիմնական արդյունքները:

Այցի ժամկետի ընտրությունը

ՀՀ փոխվարչապետի՝ ԱՄՆ այցի հիմնական նպատակը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում Կայուն զարգացման հարցերով բարձրաստիճան քաղաքական ֆորումին մասնակցությունը և Հայաստանի առաջին ազգային կամավոր զեկույցի ներկայացնելն էր։ Սակայն այցի ժամկետները նաև կարևորվում են՝ ելնելով մի շարք հանգամանքներից:

Նախևառաջ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին ընդառաջ (նոյեմբերի 8) ամերիկյան կոնգրեսականների հետ ակտիվ շփումները կարող են նպաստել ՀՀ շահերին առնչվող քայլերի ակտիվացմանը և խնդիրների բարձրաձայնմանը:

Միևնույն ժամանակ, կոնգրեսականների հետ շփումներում անհրաժեշտ է հստակ տարանջատել դեմոկրատ և հանրապետական կոնգրեսականների հետ տարվող աշխատանքները: Եթե դեմոկրատ կոնգրեսականների համար, առնվազն հայտարարությունների մակարդակում, առավել քան ընկալելի և գնահատելի է Հայաստանում վերջին շրջանում գրանցված ժողովրդական առաջընթացը, ապա հանրապետական կոնգրեսականների համար կարևոր է լիարժեք պատկերացնել երկկողմ փոխգործակցության հնարավորությունները:

Բացի այդ, ԱՄՆ հետ հարաբերությունների ակտիվացումը կարևոր է նաև այն պատճառով, որ վերջին ամիսներին ամերիկյան ուղղությամբ նկատելի է ադրբեջանական դիվանագիտության զգալի ակտիվացում:

ԱՄՆ-ից աջակցության ակնկալիք

Անկախությունից ի վեր Հայաստանն ԱՄՆ-ից ստացել է շուրջ 2 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցություն, ինչն, իհարկե, դրական է ազդել ՀՀ-ում տարբեր ոլորտների, այդ թվում՝ ժողովրդավարության զարգացման վրա: Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո, երբ երկրում մեկնարկել են բավական լայն բարեփոխումներ և անզիջում պայքար կոռուպցիայի դեմ, բնականաբար, նկատվում է միջազգային աջակցության (տեխնիկական, փորձագիտական, ֆինասնական) որոշակի անհրաժեշտություն, առավել ևս, եթե հաշվի առնենք միջազգային տարբեր դերակատարների, այդ թվում՝ ԱՄՆ-ի հնչեցրած դրական արձագանքները:

Միևնույն ժամանակ, պետք է հաշվի առնել նաև ԱՄՆ-ում առկա իրողությունները: ԱՄՆ նոր վարչակազմն ունի հայտարարված նպատակ՝ նախևառաջ առաջնորդվել ԱՄՆ շահերով (Թրամփի հայտարարած սկզբունքը՝ “America First”): Ուստի, նպատակահարմար է, որ ՀՀ-ն ԱՄՆ-ի հետ հարաբերություններում առավելապես առաջնորդվի փոխշահավետ գործընկերության, այլ ոչ թե օգնության վրա հիմնված հարաբերությունների սկզբունքով, ինչը կմեծացնի ԱՄՆ ներկայիս վարչակազմի հետաքրքությունը ՀՀ հետ հարաբերությունների զարգացման հարցում: Այս առումով, օրինակ, դրական էր այցի ժամանակ Միրզոյանի կողմից հնչեցրած շեշտադրումն առ այն, որ ՀՀ-ն և ԱՄՆ-ն պետք է խորացնեն համագործակցությունը Սիլիկոնային հովտում:

Փաշինյան-Թրամփ սպասվող հանդիպում

ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպումների ժամանակ վերջիններս բարձրաձայնեցին սեպտեմբերին ՄԱԿ-ի գագաթաժողովի շրջանակում Թրամփ-Փաշինյան հնարավոր հանդիպման անհրաժեշտության մասին: Անշուշտ, այս ուղղությամբ տարվող աշխատանքները չպետք է սահմանափակվեն միայն կոնգրեսականների (առավել ևս դեմոկրատ) հետ շփումներով և բավական կարևոր էր, որ այցի ընթացքում Արարատ Միրզոյանը հանդիպում ունեցավ նաև գործադիր թևի ներկայացուցչի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆպետքարտուղարի տեղակալՎես Միտչելի հետ: Հատկանշական է նաև ԱՄՆ-ում ՀՀ արտակարգևլիազորդեսպանԳրիգոր Հովհաննիսյանի հայտարարությունն առ այն, որ հանդիպման հարցը Պետքարտուղարության գործընկերների հետ քննարկման օրակարգում է:

Միևնույն ժամանակ, պետք է փաստել, որ ԱՄՆ նախագահի հետ հանդիպման կազմակերպումն այնքան էլ հեշտ գործ չէ և պահանջում է հետևողական և նպատակաուղղված աշխատանք:

Սփյուռքի հետ կապերի զարգացում

Հաշվի առնելով Սփյուռքի մեր հայրենակիցների շրջանում առկա դրական արձագանքը Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին՝ կարող ենք փաստել, որ այսօր կա ՀՀ-Սփյուռք հարաբերություններին նոր թափ հաղորդելու ներուժ: Այս առումով դրական էր ՀՀ առաջին փոխվարչապետի հանդիպումները և քննարկումներն ԱՄՆ-ում Սփյուռքի ներկայացուցիչների հետ՝ ինչպես իրենք փաստեցին՝ որպես «Թավշյա հեղափոխությանն անմիջական մասնակցություն ունեցած առաջին ՀՀ պաշտոնյայի»:

Միևնույն ժամանակ, նկատվում է Սփյուռքի հետ աշխատանքի գործիքակազմի վերանայման անհրաժեշտություն, ինչը թույլ կտա առավել արդյունավետ օգտագործել ԱՄՆ-ում հայկական կազմակերպությունների և անհատների ներուժը: Այս փուլում անհրաժեշտ է առավել ամրապնդել և կանոնավոր դարձնել իշխանությունների և ԱՄՆ-ում հայկական կազմակերպությունների միջև կապերը՝ ուղղորդելով վերջիններիս քայլերն՝ ըստ ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների:

Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝ կարող ենք փաստել, որ այսօր ՀՀ համար առավել արդիական է դառնում ԱՄՆ հետ հարաբերությունների հետագա ամրապնդումը և զարգացումը: Սակայն, որպեսզի այդ ուղղությամբ տարվող աշխատանքները լինեն առավել արդյունավետ, անհրաժեշտ է մշակել համագործակցության հստակ օրակարգ, որը կենթադրի երկկողմ համագործակցություն տարբեր մակարդակներում և հաշվի կառնի ԱՄՆ ներկայիս վարչակազմի առանձնահատկությունները: Սա թույլ կտա առավելապես օգնության վրա հիմնված հարաբերություններից անցում կատարել փոխշահավետ համագործակցության նոր մակարդակի:

Լիանա Հովհաննիսյան

փորձագետ

Հայերեն Русский

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի