Հասարակական

Հետախուզում է հայտարարվել բարեգործական հասարակական կազմակերպության նախագահի նկատմամբ

2 րոպեի ընթերցում

 Հետախուզում է հայտարարվել բարեգործական հասարակական կազմակերպության նախագահի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 25ՀՈՒԼԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ բարեգործական հասարակական կազմակերպության նախագահի կողմից առերևույթ խարդախությամբ հափշտակություն կատարելու վերաբերյալ։ Վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախնական քննության տվյալներով՝ բարեգործական հասարակական կազմակերպության նախագահը 2017թ. սեպտեմբերին ՍՊ ընկերության վերականգնողական կենտրոնում ծանոթացել է մի քաղաքացուհու հետ, որի ընթացքում ներկայացրել է իրենց բարեգործական հասարակական կազմակերպության գործառույթները՝ նշելով, թե աջակցություն են ցուցաբերում զոհված զինծառայողների ընտանիքներին, այդ թվում՝ նաև բնակարաններ տրամադրելու հարցերով: Կազմակերպության նախագահը հավաստիացրել է տիկնոջը, թե, իբր, կաջակցի, որ նրա դուստրը` որպես մահացած զինծառայողի զավակ, ապահովվի բնակարանով:

ՀԿ նախագահը քաղաքացուց պահանջել և մոտ երկու շաբաթ անց բարեգործական հասարակական կազմակերպության՝ Երևան քաղաքում գտնվող գրասենյակում ստացել և հափշտակել է խոշոր չափերով` 1.911.520 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլար:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ քննիչը որոշում է կայացրել՝ բարեգործական հասարակական կազմակերպության նախագահին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, և հայտարարվել հետախուզում:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում