Հասարակական

Նախարարությունը ներդնում է տեղեկատվություն ստանալու իրավունքի իրացման արդյունավետ էլեկտրոնային գործիքներ

2 րոպեի ընթերցում

Նախարարությունը ներդնում է տեղեկատվություն ստանալու իրավունքի իրացման արդյունավետ էլեկտրոնային գործիքներ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018 թվականին Արդարադատության նախարարության կողմից ներդրվել է էլեկտրոնային կառավարման գործիք, որի նպատակն է առավել արդյունավետ և թափանցիկ դարձնել կառավարման համակարգը և այն ավելի հասանելի դարձնել քաղաքացիներին: Արդեն իսկ գործարկված էլեկտրոնային հարցումների միասնական www.e-request.am հարթակի օգնությամբ քաղաքացիներն առցանց եղանակով կարող են տեղեկատվություն տնօրինող պետական մարմիններին ուղղել իրենց հարցումը, դիմումը կամ բողոքը և սահմանված ժամկետում ստանալ դրանց պատասխանըառցանց եղանակով: Կայքում «Հետևել դիմումի, հարցման կամ բողոքի ընթացքին» բաժնի օգնությամբ դիմում կամ բողոք ներկայացնող անձինք պետք է մուտքագրեն իրենց նախապես տրամադրված հսկիչ համարը և հետևեն դիմումի, հարցման կամ բողոքի ընթացքին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հարթակի օգնությամբ քաղաքացիները առանց լրացուցիչ ծախսերի (թղթային, տպագության, փոստային) հնարավորություն ունեն տեղեկատվություն հայցեն տեղեկատվություն տնօրինողից և ստանալ պատասխաններ, հետևել գրության ընթացքին, ինչպես նաև հետադարձ կապի միջոցով կարծիք հայտնել մատուցված ծառայությունների ժամկետների և որակի հետ կապված:

www.e-request.am կայքը նաև ինքնաշխատ եղանակով հավաքարում և ներկայացնում է բազմաբնույթ վիճակագրություն, ինչը թույլ է տալիս գնահատել հարցումների քանակը, պետական մարմինների աշխատանքի արդյունավետությունը, քաղաքացիների գոհունակությունը:

Արդարադատության նախարարությունը հորդորում է օգտվել ներդրված էլեկտրոնային կառավարման գործիքից, առցանց եղանակով դիմել և տեղեկատվություն տնօրինողներից ստանալ իրենց հարցումների պատասխանը:

Նշենք նաև, որ ՀՀ արդարադատության նախարարությունը էլեկտրոնային հարթակում շարունակական աշխատանքներ է իրականացնում քաղաքացիների համար պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունների հասանելիությունն ապահովելու և նրանց կողմից բարձրացված խնդիրներին արագ արձագանքելու ուղղությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում