ՀՀ-ում մեկնարկած դատավորների միջազգային համաժողովը միտված է սերտ և արդյունավետ համագործակցության ամրապնդմանը
5 րոպեի ընթերցում

Երևանում մեկնարկել է Դատավորների եվրոպական միության (EAJ) ամենամյա համաժողովը, որին մասնակցում է ավելի քան 70 պատվիրակ 35 երկրից։ Եռօրյա համաժողովի ընթացքում, ի թիվս մի շարք հարցերի, քննարկվելու են մասնավորապես Եվրոպայում և տարածաշրջանում դատական իշխանության անկախությանը, արդարադատության տարածաշրջանային մարտահրավերներին, ինչպես նաև միջազգային համագործակցությանը վերաբերող թեմաներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանն իր խոսքում նշեց, որ դեռևս նախորդ տարի Վարշավայում տեղի ունեցած համաժողովի ընթացքում Հայաստանը միաձայն ընտրվել էր հաջորդ համաժողովի անցկացման վայր, ինչն ավելի է կարևորում մեր երկրի կշիռն ու դերն այդ կազմակերպությունում։
«Այս համաժողովը միտված է միջազգային սերտ և արդյունավետ համագործակցության ամրապնդմանն ու Եվրոպայի դատավորներին միավորելով՝ մասնագիտական քննարկումներ անցկացնելուն։ Մեր նպատակն է նաև բարձրացնել դատական համակարգի հետ կապված կազմակերպության անդամ երկրներում առկա խնդիրները և ուղիներ փնտրել՝ դրանք լուծելու համար, ուստի ՀՀ դատավորների միությունը շատ կարևորում է այս իրադարձությունը և մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել նման բարձր մակարդակի ներկայացուցչական միջոցառումը»,-ասաց Ազարյանը։

Տվյալ կառույցի առաջին նախագահ, ՀՀ Սահմանադրական դատարանի նախկին փոխնախագահ Ալվինա Գյուլումյանն իր խոսքում նշեց, որ ներկայիս անհանգիստ աշխարհում, երբ օրըստօրե ավելանում են մարտահրավերները և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) քննվում են հայ դատավորների բազմաթիվ հայցերը, նման համաժողովի անցկացումն ինքնին շատ կարևոր իրադարձություն է։
«Նման համաժողովները կարող են ունենալ որոշակի դրական ազդեցություն ոչ միայն դատավորների ազգային միությունների կայացման և աշխատանքի արդյունավետության բարձրացման, այլև դատավորների իրական անկախության ապահովման, դատարանների նկատմամբ վստահության ավելացման առումով։ Մասնավորապես մեր երկրում այդ մակարդակի բարձրացման խնդիր ունենք։ Մեր հասարակությունն, ականատես լինելով ՀՀ-ում նման հարգարժան հավաքին, իսկապես կարող է համոզվել, որ մեր դատավորները կարող են որոշակի ազդեցություն ունենալ ու իրապես ցանկանալ անկախ դատական համակարգ ունենալ»,- ասաց Գյուլումյանը։

Նրա դիտարկմամբ՝ ՀՀ դատավորների միության ստեղծումը հետապնդում է հենց այդ նպատակների իրականացումը, այն է՝ դատական համայնքի ներսում քննարկում կազմակերպել հրատապ խնդիրների ու դրանց լուծման տարբերակների վերաբերյալ։
«Որոշելու համար, թե արդյոք դատարանը կարող է համարվել անկախ, գոյություն ունեն որոշակի չափորոշիչներ, որոնք առնչվում են դատավորների նշանակման կարգին, նրանց պաշտոնավարման ժամկետներին։ Արտաքին ճնշումների դեմ երաշխիքների ապահովման և իսկապես անկախ ընկալվելու առումով մեր միությունը բավականին անելիքներ ունի։ ժողովրդավարական հասարակության պայմաններում դատավորները պետք է պաշտպանված լինեն իրենց հեղինակությանը վնասող անհիմն հարձակումներից, մինչդեռ դրանց արձագանքելու համար նրանք կաշկանդված են քաղաքական զսպվածության և չեզոքության պարտավորությամբ, ուստի շատ կարևոր է, որ նման ճնշումները բացառվեն և դատավորներն իրապես լինեն անկախ»,-ասաց ՍԴ նախկին փոխնախագահը։
Գյուլումյանի կարծիքով՝ Եվրոպական դատավորների միությունը պետք է առավել խիստ դիրքորոշում որդեգրի և այն դատավորների գործերով, ովքեր դիմել են ՄԻԵԴ-ին, փորձի օգտվել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ընձեռված այնպիսի հնարավորությունից, ինչպիսին որպես երրորդ անձ՝ գործին քննությանն ընդգրկվելն ու իր գրավոր կամ բանավոր բացատրությունները գործի վերաբերյալ ներկայացնելն է։
Ըստ բանախոսի՝ դա գործուն մեխանիզմ է, որպեսզի ՀՀ դատավորների միությունը նույնպես կարողանա իրացնել իր առջև դրված խնդիրները՝ օգտագործելով նշված լծակը, ինչպես նաև իր դիրքորոշումն արտահայտի ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային կառույցի անդամ երկրներում դատավորների նկատմամբ իրականացվող հարձակումների առթիվ։
Գյուլումյանն իր ելույթի վերջում անդրադարձավ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդրին՝ շեշտելով, որ էթնիկ զտման արդյունքում բռնի տեղահանվածների թվում կան 22 դատավորներ, ովքեր ունեն ամենատարրական պայմանների ապահովման խնդիր։ Գյուլումյանի պնդմամբ՝ նրանց պաշտպանության և նեցուկ լինելու համար պետք է ձայն բարձրացնի ոչ միայն ՀՀ դատավորների միությունը, այլև պետք է ձայն բարձրացնեն միջազգային դատական կազմակերպությունները։