Հասարակական

Կարգալույծ է հռչակվել Կորյուն աբեղա Առաքելյանը

2 րոպեի ընթերցում

Կարգալույծ է հռչակվել Կորյուն աբեղա Առաքելյանը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Կորյուն աբեղա Առաքելյանը` եկեղեցականին անհարիր վարքագծի ու հակականոնական ընթացքի համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Տնօրինության համար հիմք է ծառայել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կարգապահական հանձնախմբի եզրակացությունը, ինչպես նաև սահմանված մեկշաբաթյա շրջանում զղջմամբ ու ապաշխարությամբ դարձի գալու հորդորի անտեսումը:

Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արմեն Առաքելյան ավազանի անունով:

Հիշեցնենք, որ հայտնի նախաձեռնության մեջ ընդգրկված Կորյուն աբեղայի և մի խումբ աշխարհականների պահվածքի և գործողությունների առնչությամբ անցնող շաբաթների ընթացքում իրենց անհանգստության և դատապարտության խոսքն էին հնչեցրել եպիսկոպոսաց դասը, բազմաթիվ եկեղեցականներ և հավատացյալներ ինչպես Հայաստանից, այնպես և Սփյուռքից։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները հուլիսի 6, 2018 թվակիր խնդրագրով դիմել էին Վեհափառ Հայրապետին կարգազանց հոգևորականին պատասխանատվության ենթարկելու խիստ միջոցների ձեռնարկման վերաբերյալ։

Հուլիսի 10-ի Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում որոշում էր կայացվել Նորին Սրբության հորդորով մեկշաբաթյա վերջնաժամկետ սահմանել, որպեսզի անդրադարձումի ևս մեկ առիթ ընծայվի նախաձեռնության անդամներին՝ դադարեցնելու հակականոնական իրենց գործողությունները և վերադառնալու Սուրբ Էջմիածնի խնամակալ հովանու ներքո։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում