Հասարակական

Սկաուտական բանակումին այս տարի մասնակցելու են աննախադեպ թվով երիտասարդներ

2 րոպեի ընթերցում

Սկաուտական բանակումին այս տարի մասնակցելու են աննախադեպ թվով երիտասարդներ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սկաուտական բանակում 11-րդ համամիութենական փառատոնին այս տարի մասնակցելու են աննախադեպ թվով սկաուտներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը Սկաուտական բանակումի մասին պատմեցին կազմակերպիչները:

«Այս տարի տեղի է ունենալու համամիութենական 11-րդ փառատոնը: Այն զուգադիպում է Հայաստանի առաջին հանրապետության և ՀՄԸՄ-ի 100-ամյակի հետ: Հոմենեթմենը 1978-ից սկսած 4 տարին մեկ կազմակերպում է Սկաուտական բանակումը: Այս տարի յոթերորդն է, որ տեղի է ունենում հայրենիքում՝ Հայաստանում»,-ասաց Կենտրոնական վարչության գանձապահ Վաչե Նաջարյանը:

Դրա նպատակն է բազմահազար սկաուտներին հավաքել հայրենիքում՝ ծանոթանալու միմյանց հետ, նրանց փոխանցելու ազգային դաստիարակություն: Կարող են մասնակցել 14-18 տարեկան սկաուտները աշխարհի տարբեր շրջաններից: Այս տարի 23 շրջաններից մասնակցում է մոտ 1200 սկաուտ:

Բանակումի ընդհանուր խմբապետ Թալին Օրդողլյանի խոսքով՝ այս Սկաուտական բանակումը եզակի է մասնակիցների թվով: «Աննախադեպ երևույթ է, որ մոտ 1200 սկաուտներ են մասնակցելու: Այս տարի մասնակցության սահմանափակում չկար, քանի որ նվիրված էր 100-ամյակներին: Առաջին անգամ կմասնակցեն նաև 200 նախկին խմբապետերը՝ աշխարհի 4 կողմերից»,-ասաց նա:

Սկաուտական բանակումի բացումը կլինի հուլիսի 19-ին Բյուրականում: Իսկ պաշտոնական բացումը կկայանա հուլիսի 21-ին: Հաջորդ օրերին կլինեն այցելություններ տարբեր վայրեր, հետաքրքիր միջոցառումներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում