Հասարակական

Մարզերի հետ աշխատանքի մոտեցումը փոխվում է` անկախ նրանից` ով ով է. առողջապահության նախարար

2 րոպեի ընթերցում

Մարզերի հետ աշխատանքի մոտեցումը փոխվում է` անկախ նրանից` ով ով է. առողջապահության նախարար

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մարզային առողջապահության պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ինչպես կոնկրետ համայնքներին բնորոշ առանձին, այնպես էլ ընդհանուր խնդիրներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին առողջապահության նախարարությունից:

«Մարզային առողջապահությունը պետք է զարգանա, և դուք դրանում ձեր էական դերակատարումը պետք է ունենաք մեր օգնությամբ և ֆինանսական հատկացումների առավել արդյունավետ բաշխմամբ: Ֆինանսների որոշակի վերաբաշխում նախատեսվում է, և մարզերի հիվանդանոցային սեկտորին հատկացվող գումարի ավելացում կունենանք: Առողջության առաջնային պահպանման օղակում աշխատավարձերն այս տարի կբարձրանան, հնարավոր է բարձրանան եկող տարի ևս: Ընդ որում` դա արվելու է մեր ռեսուրսների հաշվին` առանց հավելյալ ծախսերի»,-մարզպետարանների առողջապահության վարչությունների ղեկավարներին փոխանցել է նախարար Թորոսյանը:

Հանրապետության մի շարք բժշկական կազմակերպություններ ընդգրկվել են հրատապ վերանորոգման, արդիականացման ենթակա հաստատությունների ցանկում, այս խնդիրների լուծման ֆինանսավորման ուղղություններն են քննարկվում:

«Ժամանակին տարբեր մարզերի համակարգային խնդիրների լուծմանն առողջապահության նախարարության ներգրավվածությունը տարբեր է եղել: Մոտեցումը փոխվում է: Հիմա բոլորի հետ աշխատում ենք նույն մոտեցմամբ, նույն մեխանիզմով: Ցանկացած կարևոր հարց միշտ պետք է համաձայնեցվի մեզ հետ` անկախ նրանից` ով ով է: Քաղաքականություն որոշողն առողջապահության նախարարությունն է: Դա փոխանցվել է նաև մարզպետներին»,- ընդգծել է առողջապահության նախարարը:

Մարզպետարանների առողջապահության վարչությունների ու բաժինների ղեկավարները ներկայացրել են իրենց հուզող խնդիրներն ու առաջարկները` կապված շտապօգնության, ծննդօգնության, համայնքային ամբուլատորիաներին առնչվող որոշ հարցերի կարգավորման և այլնի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում