Տավուշի մարզի Արճիս համայնքի ճանապարհների հիմնանորոգումը մոտենում է ավարտին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն այցելեց Արճիս համայնք` ծանոթանալու հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։
Ճանապարհի վերականգնումն իրականացնող «Կապավոր» կապալառու ընկերության ղեկավար Արման Հակոբջանյանը նշեց, որ շուրջօրյա աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի շինարարությունն ավարտել նախանշված ժամկետից շուտ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:
Նա ընդգծեց, որ շինարարական աշխատանքներում ակտիվ մասնակցություն են ունեցել նաև համայնքի բնակիչները, ովքեր նույնպես ներգրավվել են աշխատանքներում և շատ են օգնել շինարարներին։
Համայնքի բնակիչներն իրենց գոհունակությունը հայտնեցին և՛ շինարարներից, և՛ հիմնանորոգվող ճանապարհի որակից։
«Երկար ենք սպասել այս օրվան,- ասացին նրանք,- այս ճանապարհն ամբողջ Հայաստանում վատագույնն է եղել, հիմա լավագույնն է»։
Նախարարը գյուղացիներին հորդորեց ճանապարհը պահպանել և շահագործել սրտացավորեն:
Մարտի 23-ին մեկնարկած աշխատանքների արդյունքն արդեն ուրվագծվում է։
Շինարարներն ավարտել են լիցքի և հանույթի աշխատանքները։
Վերակառուցվել է ասֆալտբետոնե պատվածքը, կառուցվել են մայթեր, ջրահեռացման համար ճանապարհին և իջատեղերում տեղադրվել են մետաղական խողովակներ, կառուցվել են վաքեր, բետոնե հենապատեր և գաբիոններ։ Իրականացվել են գոյություն ունեցող ենթակառուցվածքների տեղափոխման և ջրագծի նորոգման աշխատանքներ։
Շուրջ 4 կմ երկարություն ունեցող վերականգնվող ճանապարհահատվածը կենսական կարևոր նշանակություն ունի գյուղի բնակիչների համար։
Այն Արճիս համայնքը Մ-6 միջպետական ճանապարհի միջոցով կապում է տարածաշրջանի մյուս համայնքներին: