Արցախ

Արցախի ԱԺ էթիկայի հանձնաժողովը հաշվի կառնի անկախ փորձագետի կարծիքը, իսկ պատգամավոր Ժաննա Գալստյանը ներողություն է խնդրել

2 րոպեի ընթերցում

Արցախի ԱԺ էթիկայի հանձնաժողովը հաշվի կառնի անկախ փորձագետի կարծիքը, իսկ պատգամավոր Ժաննա Գալստյանը ներողություն է խնդրել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի խորհրդարանում պատգամավորներ Ժաննա Գալստյանի և Հայկ Խանումյանի միջևմիջադեպի քննության էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը իր աշխատանքում կներգրավի նաև անկախ փորձագետի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանձնաժողովի փակ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնել է Արցախի Ազգային ժողովի պատգամավոր, էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Արթուր Թովմասյանը:

Նա, ներկայացնելով հանձնաժողովի կատարած աշխատանքը, հայտնել է, որ միջադեպի առնչությամբ նյութերի հավաքագրման գործընթացն ավարտվել է: «Էթիկայի ժամանակավոր հանձնաժողովն ունի իր լիազորությունների շրջանակը, և մենք պետք է կայացնենք որոշում մեր երկու գործընկերների նկատմամբ, որը, իհարկե, դժվար է»,- նշել է Թովմասյանը՝ հավելելով, որ ինքը հանձնաժողովի անդամներին առաջարկել է հավաքագրված նյութերին ծանոթանալու հնարավորություն տալ նաև անկախ փորձագետի և հաշվի առնել նրա մասնագիտական կարծիքը:

Թովմասյանը նշել է, որ նախատեսվում է նաև միջադեպի մասնակից պատգամավորների և հանձնաժողովի անդամների հանդիպումը:

Միևնույն ժամանակ, Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Ժաննա Գալստյանը, ով Ազգային ժողովի նիստի ժամանակ պատգամավոր Հայկ Խանումյանին «գյալմա» (թուրքերեն բառ, որը նշանակում է եկվոր) է անվանել, ողջ հայությունից ներողություն է խնդրել իր արտահայտության համար` ընդգծելով, որ դրանով առիթ է տվել իր շատ սիրելի մարդկանց այլ կերպ ընկալել: Նա հավելել է, որ որևէ դիտավորություն չի ունեցել տարանջատման իմաստ հաղորդել իր այդ խոսքին:

Արցախի խորհրդարանում պատգամավորների միջև միջադեպը գրանցվել է հունիսի 28-ին կայացած նիստի ընթացքում Արցախի 2017թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ընթացքում: Ընդդիմադիր պատգամավորի քննադատական ելույթին ի պատասխան պատգամավոր Ժաննա Գալստյանը Խանումյանին «գյալմա» է անվանել, որից հետո պատգամավորները սկսել են փոխադարձ վիրավորանքներ հնչեցնել միմյանց հասցեին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում