Պաշտոնական

Արա Բաբլոյանը կարևորել է Ամերիկայի հայկական համագումարի առաքելությունը հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործում

2 րոպեի ընթերցում

Արա Բաբլոյանը կարևորել է Ամերիկայի հայկական համագումարի առաքելությունը հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 8-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահներ Վան Գրիգորյանին, Էնթոնի Բարսամյանին, գործադիր տնօրեն Բրայան Արդունիին, տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին` Արա Բաբլոյանը կարեւորել է կառույցի առաքելությունը Միացյալ Նահանգներում համահայկական խնդիրների բարձրաձայնման ու լուծման ուղղությամբ, ինչպես նաեւ հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործում:

Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել նրանց ջանքերը ԱՄՆ-ի կողմից Արցախին ցուցաբերած շարունակական աջակցության հարցում:

ԱԺ նախագահը, անդրադառնալով երկրի ներքաղաքական իրադրությանը, նշել է, որ Հայաստանում հավատարիմ լինելով ժողովրդավարական արժեքներին՝ առաջնահերթությունը տրվել է անվտանգությանն ու ներքին համերաշխությանը: Արա Բաբլոյանը հավելել է, որ գործընթացներն իրականացվել են Սահմանադրությանը համահունչ:

Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է հայաստանյան նախաձեռնություններում, մասնավորապես, տնտեսության զարգացմանն ուղղված քայլերում սփյուռքահայության ակտիվ դերակատարությունը:

Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչները, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար,ընդգծել են Հայաստանի ներքաղաքական կյանքում փոխըմբռնման մթնոլորտի առկայությունը: Հայ-ամերիկյան հարաբերությունների առավել խորացման հարցում նրանք արժեւորել են խորհրդարանականների պարբերական շփումներն ու փոխայցերը:

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին: Քննարկվել են համագործակցությունն առավել արդյունավետ ու շարունակական դարձնելու հնարավորությունները:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում