Ռուսաստանը շարունակելու է աջակցել ԼՂ խնդրի լուծումների որոնմանը. Լավրովը կառուցողական է որակում Մնացականյանի հետ հանդիպումը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումն ու նրա հետ բանակցությունները կառուցողական է համարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Լավրովն ասաց հանդիպումից հետո համատեղ ասուլիսում՝ նշելով, որ բանակցություններն անց են կացվել երկու երկրներին կապող գործընկերության, ռազմավարական համագործակցության ոգուն համաձայն:

Նա ընդգծեց, որ կողմերն արձանագրել են հայ-ռուսական քաղաքական երկխոսության դինամիկ բնույթը՝ այդ թվում և բարձրագույն մակարդակում: «Կարևոր համաձայնություններ են ձեռքբերվել մայիսի 14-ին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ: Խորհրդարանական մակարդակով ևս շփումներ են տեղի ունենում: Երկու օր առաջ աշխատանքային այցով Մոսկվայում էր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, նա մասնակցել է պառլամենտարիզմի զարգացման հարցերով միջազգային ֆորումին»,- նշեց Լավրովը:

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտնեց, որ բանակցությունների ընթացքում խոսվել է նաև առևտրատնտեսական համագործակցության մասին: «Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի կարևոր գործընկերը: Նախորդ տարի մեր երկրների միջև առևտրաշրջանառությունը 30 տոկոսով ավելացել է: Դրական դինամիկան ներկայում ևս շարունակվում է: Առաջին եռամսյակում առևտրաշրջանառության աճը հասել է գրեթե 40 տոկոսի: Մենք համաձայն ենք, որ նման բարձր ցուցանիշները հնարավոր են դարձել նաև այն առավելությունների շնորհիվ, որոնք ընձեռում է ԵԱՏՄ-ում մեր երկրների անդամակցությունը»,- նկատեց Լավրովը:

Նա հիշեցրեց, որ ռուսական ներդրումները Հայաստանում կազմում են երկրում բոլոր օտարերկրյա ներդրումների 35 տոկոսը. ներկայում Հայաստանում գործում է ռուսական կապիտալով շուրջ 2200 ընկերություն:

Նախարարները քննարկել են նաև համատեղ խոշոր ծրագրերի իրականացման ընթացքը, այդ թվում և էներգետիկ, բանկային ու հեռահաղորդակցության ոլորտներում: Լավրովի համոզմամբ՝ այդ ոլորտներում հաջողությանը կնպաստեն նաև տնտեսական ու ռազմատեխնիկական հարցերով միջկառավարական հանձնաժողովների աշխատանքները:

«Շատ կարևոր ու օգտակար փոխգործակցություն է հաստատվել հումանիտար ոլորտում: 2017 թվականի դեկտեմբերին Գյումրիում սկսել է աշխատանքը Ռուսաստանի գիտության ու մշակույթի կենտրոնի մասնաճյուղը: Ռուսաստանում սովորում են Հայաստանի շուրջ 5500 քաղաքացի, որոնցից 1500-ը դաշնային բյուջեի հաշվին»,- նշեց ՌԴ ԱԳՆ ղեկավարը: Նա հիշեցրեց նաև, որ Հայաստանում գործում են ռուսական բուհերի 8 մասնաճյուղեր, որտեղ սովորում են 3500 ուսանողներ: «Մենք սերտ համագործակցում ենք ու կոորդինացնում ենք մեր գործողությունները միջազգային արենայում: Այսօր ուսումնասիրել ենք այն պրակտիկ խնդիրները, որոնք այս համատեքստում կանգնած են մեր ներկայացուցիչների առաջ ԱՊՀ-ում, ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրախորհրդի հարթակներում: Հատուկ ուշադրություն ենք դարձրել մեր աշխատանքին Սևծովյան տնտեսական համագործակցության ԱԳ նախարարների խորհրդի շրջանակում, որի հերթական նիստը տեղի կունենա հունիսի վերջին Հայաստանում»,- ասաց Լավրովը:

Նա ընդգծեց, որ Հայաստանի իր գործընկերոջ հետ խոսել են նաև Հարավային Կովկասում անվտանգության ու կայունության ապահովման խնդիրների, այդ թվում և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին: «Ռուսաստանը ինչպես Երևանի ու Բաքվի հետ երկկողմ հարաբերությունների համատեքստում, այնպես էլ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի գործընկերների հետ շարունակելու է աջակցել կողմերին փոխադարձ ընդունելի լուծումների որոնման հարցում»,- հայտարարեց Լավրովը:

Նա իր գոհունակությունը հայտնեց բանակցությունների արդյունքներից: «Վստահ եմ, որ դրանք կնպաստեն Հայաստանի ու ՌԴ միջև դաշնակցային հարաբերությունների հետագա առաջընթացին»,- ասաց ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

Հայերեն English Русский

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է ԱԱ-ին մասնակցող ծանրորդների անունները

Լիբանանում հայտարարել են էսկալացիայի մեկնակից ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով 4387 զոհի մասին

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում ականից լցանավի պայթելու մասին

Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցում տեղադրվել է պատմական իրադարձություններն ազդարարող հուշաքար

Հունգարիան ռազմական օգնություն ցույց չի տա Ուկրաինային

Երևանի մետրոյի թունելներում ավարտվել են հակահրդեհային ջրագծերի տեղադրման աշխատանքները

Լճաշենում օծվել են Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը

Սևանի երաժշտական դպրոցի բակում բացվել է կոմպոզիտոր, մանկավարժ Վալերի Սարգսյանի հարթաքանդակը

Բացվել է Ակբա բանկի նոր գլխամասային գրասենյակը

Նեթանյահուն պահանջել է հետաքննություն սկսել Վենետիկի կինոփառատոնի մրցանակին արժանացած «NAZA» ֆիլմում ներգրավված անձանց նկատմամբ