Առաջիկայում նախատեսվում է իրականացնել ՀՀ հատուկ պահպանվող տարածքների քարտեզագրում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կադաստրի պետական կոմիտեի հետ համատեղ ՀՀ բնապահպանության նախարարությունը ստեղծում է աշխատանքային խումբ Հայաստանի հատուկ պահպանվող տարածքների քարտեզագրման համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն անդրադարձավ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի և մնացած այլ պահպանվող տարածքների քարտեզագրման և կադաստրային սեփականության իրավունք ստանալու խնդիրներին:

«Կադաստրի պետական կոմիտեի հետ ստեղծվում է աշխատանքային խումբ, որի շրջանակներում կդիտվի, թե հստակ որոնք են մեր տարածքները: Ունենք ծրագիր, որի շրջանակներում նախատեսում ենք քարտեզագրման իրական աշխատանքներ կատարել՝ ստանալով կադաստրային սեփականության վկայականներ ոչ միայն Խոսրովի արգելոցի մասով, այլ բոլոր պահպանվող տարածքների և անտառային ֆոնդի»,- նշեց նախարարը:

Նա չի բացառում, որ գուցե նաև կարիք լինի որոշակի դատական գործընթացներ սկսելու, քանի որ իրենց գերատեսչության կողմից պահպանվող տարածքներում կան հողատարածքներ, որոնք սեփականության վկայական են ստացել: Այդ նպատակով նաև աշխատանքային խումբ կստեղծվի: Գրիգորյանի պնդմամբ՝ պետք է հստակեցումներ լինեն առնվազն սահմանազատման մասով, դրանից հետո արդեն շատ ավելի պարզ կլինի, բայց դա իրենց և անտառային տարածքների, և պահպանվող տարածքների համար առաջնային քայլերից մեկն է: Պետք է անպայման սահմանազատել, կադաստրային սեփականության վկայականներ ստանալ, հստակեցնել, որպեսզի որևիցե ոտնձգություն այդ տարածքներում չլինի:

«Գործողությունները, փաստացի, սկսվել են: Կադաստրի պետական կոմիտեի հետ ստեղծում ենք աշխատանքային խումբ, բայց քանի որ կադաստրային փաստաթղթերի հետ կապված նույնպես ունենք մեր մտահոգությունները, կարևոր է նաև առաջնային տեղեկատվության հիման վրա ճիշտ աշխատանքների իրականացումը: Կան տարածքներ, որոնք կարող են հատվել հանքարդյունաբերական տարածքների հետ: Խնդիրն այն է, որ մենք չունենք ուղղակի սեփականության վկայականներ անտառային ֆոնդի համար, պահպանվող տարածքների մեծ մասի հետ կապված»,- ընդգծեց նախարարը:

«Խոսրովի անտառ» արգելոցը Գրիգորյանը համարում է աշխարհի բացառիկ վայրերից մեկը և կենսաբազմազանության առումով աշխարհի ամենակարևորներից: Նա նշեց, որ աշխարհում կա մոտ 25 հիմնական կենսաբազմազանական հotspot (վտանգված կենսաբազմազանությամբ տարածք), Եվրոպայում կա երկու այդպիսի վայր, մեկը Կովկասն է, իսկ Կովկասի ամբողջ կենսաբազմազանության ավելի քան 50 տոկոսը կենտրոնացված է այստեղ: Այսինքն, 23 հազար հա տարածքի վրա կենտրոնացված է ամբողջ Կովկասի կենսաբազմազանության 50 տոկոսը:

ՀՀ բնապահպանության նախարարը շեշտեց, որ իրենք «Խոսրովի անտառ» պետական արգելոցը դիտարկում են ոչ թե որպես մասսայական, այլ ավելի գիտական, հետազոտական էկոտուրիզմի վայր: Եզրափակելով խոսքը՝ նա հավելեց, որ Խոսրովի արգելոցի ճանաչելիությունը պետք է բարձրացվի ամբողջ աշխարհում:

Լիլիթ Դեմուրյան

Հայերեն

ՀՀ Պն վարչական համալիրում տեղի է ունեցել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարի դիմավորման արարողությունը

Լեհաստանը լրացուցիչ ոստիկանական ուժեր է տեղափոխել ՌԴ Կալինինգրադի մարզի հետ սահման

Գյումրիում հիմնանորոգվում են տասնամյակներ շարունակ լքված բնակարանները. դրանք կհատկացվեն բազմազավակ ընտանիքներին

Հյուսիսային Կորեան հերքում է առնչությունը Binance կրիպտոբորսայի վրա կիբերհարձակմանը

Ժաննա Անդրեասյանը կմեկնի Մոնակոյի Իշխանապետություն

254 մլն դրամի վնաս շրջակա միջավայրին.ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 114 դեպք

Վարչապետի աշխատակազմի բյուջեն նվազել է 1 մլրդ 656 մլն դրամով

Հեգսեթը Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարի հետ քննարկել է տարածաշրջանային լարվածությունը

Սահմանվել է ՌԴ կանխիկ արժույթի՝ Ռուսաստանի Դաշնությունից արտահանման արգելք

Ուիթքոֆը հայտնել է ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա եռակողմ բանակցությունների ամսաթիվը