Հասարակական

ՀՀ նախագահը «Օրրան»-ի սաների համար համբուրգերներ պատրաստեց 

2 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը «Օրրան»-ի սաների համար համբուրգերներ պատրաստեց 

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օրրան» բարեգործական հիմնադրամի սաները համտեսեցին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և նրա տիկնոջ՝ Նունե Սարգսյանի պատրաստած համբուրգերները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նախագահն ու նրա տիկինն«Օրրան» էին այցելել հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: «Երեխաների տոնը միայն հունիսի 1-ին չէ, այլ 365 օր շարունակ»,- սաների հետ հանդիպմանն ասաց նախագահ Սարգսյանը:

Արմեն Սարգսյանն այցի ընթացքում իր ձեռքով տապակեց միսն ու տիկնոջ հետ համբուրգերներ պատրաստեց երեխաների համար: Նախագահը կատակեց՝ տիկինը՝ Նունե Սարգսյանը, կփաստի, որ խոհանոցում իր փայլուն գործը եղել է ձվածեղ պատրաստելը: «Եվ այսօր պիտի առաջին քայլն անեմ ու համբուրգեր պատրաստեմ»,-ասաց նա:

Արմեն Սարգսյանն ու տիկինը երեխաների հետ միասին սեղան նստեցին: Սակայն նախ երեխաները երգեցին, այնուհետև անցան ուտելուն:

9-ամյա Լիլի Մկրտչյանը փաստում է՝համբուրգերն իսկապես շատ համեղ է: Նաև հավելում է՝ շատ կուզի՝ նախագահը կրկին այցելի իրենց:

Երեխաները մեկ առ մեկ ծանոթացան Նախագահի ու նրա տիկնոջ հետ, երգելով էլ ճանապարհեցին նրանց:

«Օրրան»-ը բարեգործական հասարակական կազմակերպություն է: Այնհիմնադրվել է Արմինե և Րաֆֆի Հովհաննիսյանների կողմից 2000 թվականին։«Օրրան»-ի առաքելություններից է օգնության ձեռք մեկնել փողոցում հայտնված երեխաներին՝ ներառելով նրանց կրթական, մշակութային, հոգեբանական, բժշկական և սոցիալական ծառայությունների մեջ, օգնել «ճգնաժամի մեջ հայտնված» ընտանիքներին: Այս պահին Երևանի կենտրոնն ունի 115 երեխա, իսկ Վանաձորինը՝ 125: «Օրրան»-ն ունի նաև տարեցների ցերեկային խնամքի ծառայություն:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում