Ավանդական մեդիայի հաջողությունը պայմանավորված է ոլորտի նորագույն նվաճումների կիրառմամբ. «Արմենպրես»-ի տնօրենի ելույթը ՇՀԿ առաջին մեդիա գագաթնաժողովին
6 րոպեի ընթերցում
ՊԵԿԻՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժամանակակից փոփոխվող աշխարհում լրագրության կարևորագույն առաքելությունն է լրատվական որոշումներ կայացնելու ժամանակ չմոռանալ բարոյական պարտականությունների մասին: Պեկինում Շանհայի համագործակցության կազմակերպության առաջին մեդիա գագաթնաժողովի շրջանակում կազմակերպված «Կառուցելով նոր հարթակներ մեդիա համագործակցության համար՝ հանուն ընդհանուր զարգացման» խորագրով քննարկման ժամանակ այս մասին ասաց «Արմենպրես»-ի տնօրեն Արամ Անանյանը: Իր ելույթում նա ընդգծեց, որ ժամանակակից աշխարհում բոլոր լրատվամիջոցները հայտնվել են նոր մարտահրավերների ու անորոշությունների փուլում: Ավանդական մեդիան, մասնավորապես լրատվական գործակալությունները ու լրատվության հավաքագրման ու պատրաստման գործում արհեստական բանականության առկայությունը, սոցիալական մեդիայի կիրառությունը, ուղիղ միացումներն ու հրատապ ծանուցումները չեն կարող հաջողությամբ մրցել՝ առանց համագործակցության:
«Հրատապ անհրաժեշտություն է նոր հարթակների ստեղծումը, որոնք կլինեն ավանդական լրագրության ավելի լավ ապագայի երաշխավորը: Անորոշությունների ժամանակաշրջանում ամենակարևոր մարտահրավերը լրագրության առաքելության, լրատվական որոշումներ կայացնելու ժամանակ բարոյական պարտականությունների մասին չմոռանալն է»,- ասաց Անանյանը:
Նա ընդգծեց, որ համաշխարհային մեդիա հավասարակշռությունը կարելի է բնորոշել որպես մի կողմից ավանդական լրագրության, նոր մեդիայի, սոցիալական ցանցերի, քաղաքացիական լրագրության ու մյուս կողմից արհեստական բանականության համագոյակցության ձև:
«Մեր փորձառությունը ցույց է տալիս, և ես վստահ եմ, որ նույնը տեղի է ունենում նաև ձեզ մոտ, որ մեր լսարանը դառնում է ավելի ու ավելի պահանջկոտ: Նրանք չեն ցանկանում պարզապես տեսնել իրադարձությունների մեկնաբանումը, նրանք ցանկանում են իմանալ ինչ է տեղի ունենում այստեղ և հենց այդ պահին, պատրաստակամ են լինել լուրերի անբաժան մասը»,- ասաց Անանյանը: Նա ընդգծեց լրատվական գործակալությունների հնարավորությունների զարգացման հարցում նոր գործիքակազմ ստեղծելու, անհրաժեշտության դեպքում լսարանը կազմող ամեն անձի «դուռը թակելու» կարևորությունը:
«Սրանք այն միտումներն էին, որոնց մենք ականատեսը եղանք Հայաստանի վերջին զարգացումների ընթացքում, որոնք հայտնի են որպես «Հայաստանի թավշյա հեղափոխություն»: Երախտապարտ ենք մեր ավելի քան մեկ տասնյակ միջազգային գործընկերներին, ովքեր հենվեցին «Արմենպրես»-ի հավաստի տեղեկատվության վրա: Մենք արեցինք լավագույնը՝ ապահովելու ձեզ արագ ու ստույգ տեղեկատվությամբ: Երախտապարտ ենք ձեր վստահության ու աջակցության համար: Որպես միջազգային լայն կոնտակտներ ու համագործակցություն ունեցող գործակալություն՝ մենք լավատեսական ենք տրամադրված հետագա մասնագիտական համագործակցության մեր կանխատեսումներում»,- ասաց Անանյանը: Ներկայացնելով իր ղեկավարած գործակալությունը՝ նա նշեց, որ 1918 թվականի դեկտեմբերին հիմնադրված «Արմենպրես»-ն այս տարի տոնում է 100-ամյակը:
«Գործակալությունն ամենամեծն ու ամենահինն է Հայաստանում: Ներկայում այն 11 լրատվական ժապավեն է արտադրում չորս լեզուներով, ունի տպագիր տարբերակներ, ֆոտո և վիդեո ծառայություններ: «Արմենպրես»-ի աշխատակազմն առաջատար է Հայաստանի լրատվական դաշտում: Հպարտ ենք մեր ընթերցողներով ու բաժանորդներով, ուրախ ենք արձանագրել այն վստահությունը, որը կա գործակալության կողմից արտադրվող լրատվության նկատմամբ: Պատահական չէ, որ այն ինչպես հայկական, այնպես էլ միջազգային լրատվամիջոցների կողմից հղումների մեծ ցուցանիշներ ունի»,- նշեց Անանյանը:
Նա նկատեց, որ գործակալությունն ակտիվ աշխատանքներ է տանում ֆոտո ծառայության մոդեռնիզացման համար: Այդ նպատակով գործի է դրվել Armenpress History նախագիծը, որի շրջանակում թվայնացվել է գործակալության հարուստ ֆոտոարխիվը, և ներկայում այն հասանելի է դարձրել քաղաքացիներին:
«Արմենպրես»-ի տնօրենը նշեց, որ գործակալությունը միջազգային լրատվական 4 կազմակերպությունների անդամ է: Այն Հայաստանը ներկայացնում է ԱՊՀ Ինֆորմխորհրդում, Սևծովյան տարածաշրջանի ազգային լրատվական գործակալությունների խորհրդում, Հարավարևելյան Եվրոպայի և բալկանյան պետությունների ազգային լրատվական գործակալությունների խորհրդում (դիտորդ) և Լրատվական գործակալությունների համաշխարհային կոնգրեսում: 2014-2016թթ. «Արմենպրես»-ը ղեկավարել է Սևծովյան տարածաշրջանի ազգային լրատվական գործակալությունների խորհուրդը, որի և ԱՊՀ Ինֆորմխորհրդի 2014թ. նիստերն անցկացվել են Երևանում: «Արմենպրես»-ը երկկողմ գործակցության պայմանագրեր ունի աշխարհի ավելի քան 20 առաջատար լրատվական գործակալությունների հետ, որոնց շուրջ մեկ երրորդը կնքվել է վերջին հինգ տարիներին:
«Մեր ամենօրյա լրատվության մեջ կարևոր մաս է կազմում ծրագրային ապահովման միջոցով լրատվության պատրաստումը, որն արվել է Երևանում գործող «Տեխնոլոգիական զարգացման կենտրոն» հիմնադրամի միջոցով»,- ասաց Անանյանը: