Մարդիկ, որոնք ակնոց են կրում, ավելի խելացի են, քան լավ տեսողություն ունեցողները. գիտնականներ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թույլ տեսողությունը եւ ակնոց կրելու անհրաժեշտությունը կարող են կապված լինել ինտելեկտի ավելի բարձր մակարդակի հետ: Այս եզրակացությանն են եկել Էդինբուրգի համալսարանի գիտնականները, որոնք ուսումնասիրել են ավելի քան 300 հազար մարդկանց գենետիկական տվյալները: Ուսումնասիրության արդյունքները նրանք հրապարակել են Nature Communications հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ընդամենը գիտնականները հայտնաբերել են 148 գենետիկական լոկուս (գենի տեղադրությունը գենետիկական քարտեզի վրա)` կապված ճանաչողական ընդունակությունների հետ, եւ գնահատել են, թե ինչպես են տարբեր գործոններն ազդում ինտելեկտի վրա: Նրանք հայտնաբերել են հետեւյալ օրինաչափությունը. փորձարկվող ամենախելացի անձանց մոտ բարձր Է եղել այն գենի առկայության հավանականությունը, որը պայմանավորում Է ակնոց կրելու անհրաժեշտությունը: Գիտնականները նաեւ փոխադարձ կապեր են հայտնաբերել ինտելեկտի բարձր մակարդակի եւ կյանքի երկար տեւողության, թոքերի քաղցկեղով հիվանդանալու փոքր ռիսկի, ավելի ամուր հոգեբանության եւ ավելի առողջ անոթների միջեւ:
«Այդ հետազոտությունը բացահայտեց բազմաթիվ գենետիկական տարբերություններ, որոնք կապված են մտավոր ունակությունների ժառանգման հետ»,-նշել Է դոկտոր Հեյլ Դեւիսը, որը գլխավորում Է գիտնականների խումբը: Ավելի վաղ կատարված մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ այն մարդիկ, որոնք ակնոց են կրում, մյուսների կողմից ընկալվում են որպես ավելի խելացի, հուսալի, աշխատասեր ու ազնիվ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: